այն մտածել, ինչ որ դա է մտածում, հազարավոր քրդեր չեն կարող այն զգալ, ինչ որ դա է զգում։ Իր խրճիթի մարած օջախի նման մխում է նրա սիրտը, երբ իր ցեղի ազատությունը կորած է տեսնում։ Երբ մենք ազնվականություն ունեինք, երբ տակավին բնաջինջ եղած չէին նախարարական տները, ամեն անգամ, երբ Ժողովրդի կողմից բռնության դեմ բողոք էր հայտնվում, նրա նախաձեռնությունը տալիս էր նախարարությունը։ Եվ մեր հայրենիքի թշնամիները,— հույները, պարսիկները, արաբացիք, վերջը թաթարները,— լավ հասկանալով ազնվականության նշանակությունը, սկսեցին հետզհետե ոչնչացնել նախարարական տները, որպեսզի կատարելապես տիրել կարողանան մեր հայրենիքին։
Ինձ համար այժմ շատ բան պարզ էր։ Ծերունի քրդի պատմությունից ես լիակատար տեղեկություն ստացա Որսորդի անձնավորության մասին, գիտեի նրա փառավոր անցյալը, գիտեի նրա աղետավոր անկումը, գիտեի նրա խորհրդավոր ներկան։ Ինձ համար պարզ էր և Ղարա-Մելիքների հեղհեղուկ պատմությունը․ ես ճանաչում էի այդ ազնվական տոհմի վերջին ժառանգին — Կարոյին,— ես գտնվում էի նրա հոր դժբախտ ամրոցի փլատակների մոտ, այն ամրոցի, որ սկսյալ Ռշտունի նախարարներից, քսան և մեկ դարերի ընթացքում, մի ձեռքից մյուս ձեռք անցնելով, վերջը հասել էր նրա հորը և որից դավաճանությամբ հափշտակել էին քրդերը։ Կարոն նույնպես գիտեր այդ բոլորը, գիտեր իր ծագումը, գիտեր թե ինչ էին կորցրել իր հայրերը։ Բայց ես հավատացած էի, որ նա նույն եռանդով կգործեր և նույն անձնվիրությամբ կաշխատեր սրբելու նեղյալների արտասուքը, եթե գիտենար, որ ինքը մի անհայտ գռեհկի որդի է։ Երբ այդ միտքը հայտնեցի Ասլանին,— երբ Կարոյին օրինակ բերելով, ասացի, որ տոհմային ազնվականությունը միակ պայմանը չէ, որ մարդ ձգտե դեպի ազատությունը,— նա պատասխանեց.
— Այո՛, այդ հեշտ կլիներ, եթե ամեն մարդ Կարոյի սիրտը և զարգացումը կունենար։
Բայց ո՞րտեղից ստացավ նա այդ զարգացումը,— ես այդ մասին ոչինչ չգիտեի։ Չգիտեի նաև նրա մյուս ընկերների՝ Ասլանի և Սագոյի կրթության գաղտնիքը։ Այդ երիտասարդները իմ աշակերտակիցներն էին, առանց մի բան սովորելու, թողեցին տեր Թոդիկի դպրոցը և անհայտացան, բայց տարիներից հետո հայտնվեցան, բոլորովին փոխված, բոլորովին այլ մարդ դարձած։ Մինչև այսօր մի առիթ չէր ներկայացել, որ հարցնեի Ասլանից, թե ի՞նչ հրաշք