Երբ ճանապարհ ընկանք, հեռվից տեսանք այդ կրակի ու կոտորածի հեղինակներից մեկին — ծերունի Օմար-Աղային։ — Նա դեռ նստած էր իր խրճիթի կտուրի վրա և արևի ճառագայթներով տաքացնում էր սառած մարմինը։ Նա էլ նկատեց մեզ և, հեռվից գլուխն ու ձեռները շարժելով, բարի ճանապարհ մաղթեց։
Այնօր մենք անցանք Ոստանա ամբողջ հովիտը։ Ուր և գնում էինք, մեզ հանդիպում էին ամայի վանքեր, ամայի եկեղեցիներ և մենավոր մատուռներ։ Լեռները, ձորերը, անտառների խուլ, անմարդաբնակ խորքերը լի էին այդ սրբավայրերով։ Ի՞նչ էր որոնում նրանց մեջ Ասլանը, — ես չգիտեմ, միայն ինձ հայտնի էր, որ նա վանքերի շատ սիրահար չէր։ Իլի գյուղում մենք տեսանք աստվածածնի «Քառասուն խորան» կոչված վանքը։ Գագիկ Արծրունին հիմնեց այդ մեծաշեն վանքը իր քառասուն հոյակապ տաճարներով։ Նրանցից միայն մի քանիսն էին մնացել, մյուսները կործանվել էին։ Այստեղ դիմում էին հայոց ապաշխարողները և իրանց մեղքերի քավության համար «քառասունք» էին կատարում, այսինքն՝ քառասուն տաճարների յուրաքանչյուրի մեջ մի-մի պատարագ էին մատուցանել տալիս, իհարկե, լավ վճարելով վարդապետներին։ Բայց ես հավատացած էի, որ եթե այդ վանքի քառասուն տաճարների յուրաքանչյուրի մեջ ամեն օր քառասուն անգամ պատարագ մատուցանեին, հազիվ կարող էին քավել նրա հիմնողին այն մեծ մեղքից, որ նա կատարեց, ապստամբվելով Բագրատունիների դեմ և Վասպուրականում իր համար մի նոր, հակաթոռ թագավորություն հիմնելով։ Դրանով անհնազանդ Արծրունին, արաբացոց տագնապի ժամանակ, երբ Հայաստանը ավելի մեծ զորության պետք ուներ, Բագրատունիների ուժը ջլատեց, իսկ իր հիմնած թագավորությունը միայն մեկ դար կյանք ունեցավ...
Ոստանա հովտի մեջ, Արտոսի կողքի վրա, կանգնած է մի այլ վանք, և իր գեղեցկադիր, բարձրահայաց դիրքով գրավում էր ճանապարհորդի ուշադրությունը։ Նա «Քառասուն-խորանի» նման մեծաշեն, փարթամ և փառահեղ չէ, նա համեստ է և փոքրիկ։ Բայց ամեն մի հայ չէ կարող՝ առանց նրա փոշիները համբուրելու անցնել նրա մոտից, երբ գիտենա, թե ում գերեզմանն է դրած նրա անշուք տաճարում։ Նրան կոչում են Չաղար (Չարահան) ս. Նշանի վանք, որ շինված է ս. Աստվածածնի անունով։ Մեծ ջերմեռանդությամբ մենք մտանք այդ վանքը և համբույր մատուցինք մի մոռացված գերեզմանի։ Նրա մեջ հանգչում էր Ավարայրի հերոսների երգիչը — Եղիշեն։