Ոստանա լեռնահովտի մեջ կա մի այլ սրբավայր, որը նույնքան սիրելի է ամեն մի հայի սրտին, որպես վերոհիշյալ վանքը։ Ծովեզերքից կես մղոն հեռավորությամբ, կանաչազարդ, հարթ դաշտի մեջտեղում, բարձրանում է մի գեղեցիկ բլուր։ Բարդի և ուռենի ծառերը իրանց վարսավոր ճյուղերի ներքո հովանավորում են շինականների խրճիթները, որ գտնվում են այդ բլուրի վրա։ Դա Նարեկ (Նոր-եկք) գյուղն է։ Նա փոքրիկ է, բայց ամեն հայի համար նվիրական է, որովհետև ծննդավայրն է մի պաշտելի մարդու։ Գյուղի մեջտեղում, բլուրի ուղիղ գագաթի վրա, կանգնած է մի հոյակապ վանք։ Բավական հեռավորությունից երևում է այդ վանքը, և նրան տեսնելիս, ճանապարհորդի սիրտը սկսում է բաբախել։ Խորին, սրբազան ջերմեռանդությամբ խաչակնքում է նա իր դեմքը և ծունր է խոնարհեցնում։ Այդ վանքի մեջ դրած է հայոց ոգելից սաղմոս-երգուի՝ ս. Գրիգոր Նարեկացու մարմարյա գերեզմանը։
Այդ դաշտը և նրա շրջակայքը լի են այն բոլոր նվիրական տեղերով, որ կապված են Նարեկացու հիշատակի հետ։ Խարզիթ գյուղի մոտ, ծովափնյա ճանապարհի եզրում, մեզ ցույց տվին մի գոգավորված ժայռ։ Այդ գոգավորությունը մարդու մարմնի նմանություն ուներ։ Նրա մասին պատմում էին, թե Նարեկացին այստեղ հովիվ եղած ժամանակը՝ մի անգամ ավազակները հարձակվեցան նրա վրա. նա փախավ և դիմեց դեպի հիշյալ ժայռը, նրա մոտ պատսպարան գտնելու համար։ Ժայռը բաց արեց իր քարեղեն գիրկը և ընդունեց սուրբին։
Բայց բոլորից հետաքրքիր են այն քարանձավները, որոնք մի ժամանակ Նարեկացու ճգնարանն են եղել։ Նարեկ գյուղից մի ժամ հեռավորությամբ, ծովեզրի մոտ, բարձրանում է մի այլ քարաժայռ։ Նրա մեջ կան մի քանի մեծ և փոքր բնական այրեր։ Բացի այդ բնական այրերից, նույն բարձրադիր ապառաժի մեջ փորված են թվով ինը սենյակներ։ Այդ վիմափոր սենյակները անհիշելի ժամանակների գործ է։ Նրանք երկու հարկերի են բաժանված, որոնցից հինգը ներքին հարկն է կազմում, իսկ չորսը վերին հարկը։ Հայոց հին սորամուտների (տրոգլոդիտների) այդ քարեղեն բնակարանը այնքան անմատչելի, այնքան բարձր է գետնի մակերևույթից, որ Նարեկացու նման հրաշագործ անձը միայն կարոդ էր մուտք գործել այնտեղ։ Գլխավոր դուռը բացվում է ներքնահարկի առաջին սենյակի մեջ, հետո մեջե-մեջ դռներով տանում է դեպի մյուս սենյակները և հանում է մինչև վերին հարկը։ Յուրաքանչյուր սենյակ պատուհանաձև լուսամուտ ունի, որ նայում է դեպի ծովը։ Վերնահարկի