Վերնահարկի սենյակներից մեկը ձևացնում է մի փոքրիկ մատուռ, քարեղեն սեղանով։ Այստեղ էր բնակվում Նարեկացին, այստեղ էր գրում իր սքանչելի գիրքը։ Այստեղից տեսավ նա ս. Աստվածամորը, աստվածորդը մանուկը գրկում, որի տեսությանը այնքան մեծ տենչանքով փափագում էր նա։ Փոքրիկ Առ-Տեր կղզու վրա կանգնած էր նրա տենչալին, և ամբողջ ծովը վառվում էր հրեղեն ճառագայթներով։ Իր քարայրից ցած իջավ Նարեկացին, մոտեցավ ծովեզրին և, որպես ցամաքի վրա, նա ջրի վրայով ընթանալով, ոտքով անցավ ծովը և հասավ կղզուն։ Աստվածամայրը տվեց երանելի սուրբի գիրքը աստվածորդի մանուկին, ասելով — «Առ տեր»,— այսինքն՝ առ քո տիրոջը։ Եվ այն օրից այդ փոքրիկ կղզին կոչվեցավ Առ-Տեր։
Հին Ռշտունիքը այժմ երկու գավառների է բաժանված՝ Գտվաշ և Կարճկան, երկուսն էլ կոչվում են իրենց համանուն ավանների անունով, որոնց մեջ գավառապետներ են նստած։ Սկսյալ Հայոց-Ձորից, որը Գավաշի հյուսիս-արևելյան սահմանն է, հիշյալ երկու գավառները՝ Վանա ծովակի հարավային եզերքով՝ տարածվում են մինչև Մոգաց և Բզնունյաց աշխարհները։ ճանապարհը նույնպես ոլորվում է ծովակի եզերքով, երբեմն բոլորովին մոտենում է, երբեմն փոքր-ինչ հեռանում է, բայց երբեք ծովեզերքից չէ բաժանվում։ Նա այնքան նեղ է, այնքան դժվարին ելևէջներ ունի և այնքան սարսափելի են նրա անցքերը, որ իզուր չստացավ իր Կապան անունը։ Հայոց երկրի բազմաթիվ կապանների թվում՝ Ռշտունյաց Կապանը դժվարանցանելիներից մեկը պետք է համարել։ Ամեն մի քայլում, բավական են մի քանի հրացանավորներ, որ փակեն մի ամբողջ քարավանի անցքը և, վանդակի մեջ բռնված թռչունի նման, չթողնեն, որ տեղից շարժվի։ Ճանապարհը պտտվում է նեղ ձորերի միջով, որոնց երկու կողմերից ևս բարձրանում են անհնարին ապառաժներ։ Եվ այդ սատանայական լաբիրինթոսը քարավանի միակ ուղին է, որ տանում է դեպի Բաղեշ և Մուշ։ Մարդ խեղդվում է անձկության մեջ։ Իսկ երբ դուրս ենք գալիս նեղ կիրճերից և Մուշի ընդարձակ դաշտին ենք հասնում, այն ժամանակ միայն հորիզոնը բացվում է մեր առջև, սկսում ենք ազատ շունչ առնել։
Ռշտունիք, այդ ռաշիդների (քաջերի) աշխարհը, սնուցել է՝ իր խիստ և վայրենի բնության համեմատ՝ մի ինքնուրույն ժողովուրդ։ Նրա բնակիչները՝ իր մթին անտառների և ահարկու լեռների նման՝ կոշտ, կոպիտ և անխորտակելի են։ Հսկա բնությունը ծնել է և հսկա ժողովուրդ։ Այստեղ միայն կարելի է տեսնել սահմանակից Հայոց-Ձորի վաղեմի տիտանների վիթխարի սերունդը, որ իր քաջությամբ