Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնավ ետ չի մնում դրացի սասունցիներից։ Չէ կարելի տեսնել և չհիանալ այդ առողջ, կենդանի, մշտազվարթ ժողովրդով։ Նա երբեք չէ թառամում, որպես իր ծմակների մշտականաչ կիպարիսը։ Նա երբեք չէ ծերանում, որպես իր թավուտների դարևոր եղևնին։ Հզոր կուրծքը մերկ, զորավոր բազուկները հոլանի, գլխին թաղիքյա կոնաձև քռլոզը դրած, և նրա վրա գույնզգույն թաշկինակներ փաթաթած, որոնց ծայրերը՝ ոսկեգույն մազերի երկայն գիսակների հետ՝ թափվում են լայն թիկունքի վրա, հագին մի կարճ քազախա (կուրտիկ) հագած, որի ամրությունը, երկաթյա զրահի նման, կարող է դիմանալ ամենասուր դաշույնի առջև, ներքին հագուստը մազեղեն զոլ-զոլ շալվարի մեջ հավաքած,— դուք կտեսնեք Ռշտունյաց լեռների այդ զավակին, երկար նիզակը ձեռին, թեթև վագրի նման, անցնում է մի ապառաժից դեպի մյուսը։ Նրա նիզակը, որ երկու ծայրերում ևս սուր երկաթներ ունի, ծառայում է և՛ իբրև զենք, և՛ իբրև նեցուկ, որ գետնի մեջ ցցելով, հենվում է նրա վրա և ոստումներ է գործում սարսափելի վիհերի վրայից։ Այդ բոլորը այնքան արագ է կատարվում, որ դու կարծում ես, թե նա թռչունի նման թևքեր ունի և օդի մեջ սլանում է։ Նրա թաղիքյա փափուկ տրեխների տակերը ամբողջապես գամած են սրածայր բևեռներով, որ չսահին, որ չսայթաքին ժայռերի վրա ման գալու ժամանակ։ Գոտիի մեջ խրած ունի մի կեռ խենջար, որի կոթը դերձանով կապած է պատյանին, այդ կապանքը նրա համար է, որ մինչև արձակելը՝ նրա բարկությունը անցնի, իսկ երբ մերկացրեց սուրը՝ գործողությունը արդեն վճռված է, մինչև արյան մեջ շղովացնե, իր տեղը չի դնի։ Թշնամու հետ անգութ է, իբրև գազան, բարեկամի հետ բարի է, իբրև հրեշտակ։ Իր հովիտների բարձրահասակ սոսիների նման գեղեցիկ է նա: Երբ նայում է քո երեսին, դու զմայլվում ես։ Նրա կապուտակ աչքերը այնքան լուսափայլ, այնքան ընդարձակ և այնքան խորն են, որպես այն կապուտակ ծովը, որ ծփում է նրա աշխարհի մոտ։ Նրա այրական դեմքը այնքան արձակ և այնքան պայծառ է, որպես Ռշտունյաց պարզ երկինքը։ Ռշտունյաց պարզ երկնքի նման, այդ խաղաղ դեմքը հանկարծ մռայլվում է, մթնում է, շանթեր է արձակում, երբ խաղաղ եղանակը փոխվում է, և տեղի է ունենում վերահաս փոթորիկը.․. Այդ միջոցին նա չէ խոսում, այլ որոտում է, և այդ որոտման ձայնի մեջ դու լսում ես նախկին հայի ուժեղ բարբառը իր բոլոր կոպիտ և անտաշ ձևերով։ Բայց այդ կոշտ հնչյունները քո հոգուն այնքան ազդու են, քո սրտին այնքան կախարդիչ են, որ որքան էլ և