Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻԴ

ՄԻ ԳՅՈԻՂ ՌՇՏՈԻՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Օրը երեկոյանում էր։ Նախորդ գիշերը, «Գուշակողի» տաղավարի մոտ, բոլորովին անքուն էինք մնացել, իսկ այսօր անդադար ճանապարհորդում էինք։ Մեր ձիաները հոգնածությունից դժվարությամբ էին շարժվում․ մենք ևս հանգստանալու սաստիկ պետք էինք զգում։

— Իմ ձին ընկնելու վրա է,— ասացի Մուրադին, որ իմ կողքով գնում էր։

— Մինչև հիմա նրանք էին մեզ տանում, շուտով կսկսենք մենք նրանց տանել,— պատասխանեց նա ծիծաղելով։

Ես նրա կատակը չհասկացա, բայց երբ մի փոքր առաջ գնացինք, նա դարձավ դեպի մեզ այդ խոսքերով.

— Ցած իջե՛ք, այսուհետև անկարելի է ձիով գնալ, եթե ոչ, մենք և թե՛ մեր ձիաները կգլորվենք անդունդի մեջ և կկորչենք։

Մենք հնազանդվեցանք մեր առաջնորդի խորհրդին։ Եվ իրավ, մի նեղ շավիղ իջնում էր դեպի անդնդային ձորը, և նրա խորքից կրկին բարձրանալով, ոլորվում էր լեռան առապարներով, հետո կորչում էր անտառի մթության մեջ։ Այդ ընդարձակ վիհից պետք է անցնեինք մենք, որի հատակը նայելիս՝ մարդու գլուխը պտտվում էր, աչքերը սևանում էին։

Մեզանից յուրաքանչյուրը, իր ձիու սանձից բռնած, խարխափելով իջնում էր դեպի ձորը։ Ձին նրա ետևից՝ ամբողջ մարմնով դողդողալով, գլուխը ցած խոնարհեցրած, փռնչալով դեպի ամեն կողմն էր նայում, թե ոտը ո՛ր քարի վրա դնե, որ ցած չգլորվի։ Մի