քանի ժամ այսպես մաքառում էինք ժայռերի, մացառների և միմյանց մեջ հյուսված թուփերի հետ, մինչև ձորի խորքրց դուրս եկանք մի բարձր սարավանդի վրա։ Մեր առջև բացվեցավ մի սքանչելի հորիզոն։
Հազար անգամ ավելի տաժանական տանջանքներ ես պատրաստ կլինեի հանձն առնել, եթե առաջուց գիտենայի, թե դեպի ուր է տանում մեզ այն ոլորոպտույտ շավիղը, որ ընտրեցինք մենք, խոտորվելով երթևեկության մեծ ճանապարհից։ Մեր դուրս եկած սարավանդը, կարծես, մի բարձր դիտանոց լիներ, որտեղից երևում էին գեղեցիկ տեսարաններ։ Ստորոտում ծփում էր լայնածավալ ծովակը, որի եզերքը, կանաչազարդ շրջանակի նման, պատած էին շքեղ բուսականությամբ։ Մեղմ հովիկը շնչում էր մետաքսանման փափուկ խոտերի վրա, և երեկոյան ճառագայթներից լուսավորված, փայլուն ծխոտները հանդարտ կերպով տատանվում էին, ծածանվում էին, և իրանց բաց-կանաչագույն ալիքներով միախառնվում էին ծովակի արծաթյա ալիքների հետ, որ զգուշությամբ զարկվում էին եզերքին, կարծես վախենալով, միգուցե խանգարեն ծաղիկների խորհրդավոր խաղաղությունը։
Վերևում, լեռան լանջաց վրա, սփռված էին ոչխարների հոտերը, իսկ ներքևում, հարթ մարգագետնի վրա,— որը ծովի ափերով, կանաչագույն լայն ժապավենի նման, ձգվում էր հեռու և հեռու,— արածում էին ձիաների երամակները և արջառների նախիրները։ Մի փոքրիկ գետակ շտապելով դուրս էր վազում ձորի միջից և մի բան որոնողի նման, մի քանի պտույտներ գործելով արոտամարգերի վրա, քմահաճ երեխայի պես կարկաչում էր, տրտնջում էր, պատահած քարերի կուրծքին էր խփում, պատահած թուփերի արմատներն էր քանդում և, բավական աղմուկ բարձրացնելուց հետո, մի առանձին գոհունակությամբ մտնում էր ծովը, այնտեղ ձայնը կտրում էր, կարծես մի մեծ գործ էր կատարել։ Նրա պարզ, թափանցիկ հատակի գույնզգույն խիճերը ժպտում էին, ծիծաղում էին նրա միամիտ չարության վրա։ Տեղ-տեղ երևում էին փոքրիկ լճակներ։ Ինձ թվում էր, որ այդ ապստամբները, որևիցե դժգոհության պատճառով, բաժանվել էին ծովից և նրա ափերի մոտ իրանց համար անկախ, փոքրիկ ավազաններ էին հիմնել։ Բայց գոնե միանային նրանք, այն ժամանակ դարձյալ մի միտք կունենար։ Այդ դրության մեջ, բավական էր արևի մի քանի օրվա տապն ու կրակը, որ լափեր, ցամաքացներ նրանց ունեցած ջուրը։ Եղեգնաբույսերը այնքան առատությամբ աճել, բազմացել