Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրան։ Իր ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա լիներ անընդհատ վտանգների, և որը ավելի բախտավորություն կպատճառեր նրան, եթե կվերջանար մահվամբ։ Այդ նպատակով նա ցրեց իր աշակերտներին և անհայտացավ։ Նրա մասին շատ բաներ էին պատմում. ասում էին, որ քուրդ վայրենիների մեջ հայոց տառեր և քրիստոնեություն է տարածում, հրաշքներ է գործում, լուսավորչական եկեղեցի է հիմնում և բավական հետևողներ ունի։ Բայց թե ո՞րտեղ էր այդ նոր առաքյալը և ո՞ր երկրում,— ոչ ոք չգիտեր, միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է։


Գ

ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԲԺԻՇԿ

Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նա հանգապետ—փաշայի ականջը հասավ։ Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին։ Բացի նրանից, ամեն նշանավոր և աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս։ Ասլանը հանգստություն չուներ. ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում. պատահում էր, որ ամբողջ օրով տուն չէր վերադառնում։ Վերադառնում էր գիշերը միայն, այն ժամանակ ևս, վարպետ Փանոսի հետ առանձնացած, երկար ու երկար խոսում էին։ Այդ խորհրդակցությունները խլում էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը: Երբեմն նկատում էի՝ նրա մոտ գալիս էին անծանոթ անձինք, տարօրինակ հագուստներով, ինչ-որ լեզուներով խոսում էին, և ստվերի նման անհետանում։ Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր ինձ. երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ։

Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ տեսնվելու. այնտեղ ով ասեք՝ չէր մտնում, նրա գործարանի առիթով, ամեն օր, շրջակայքից բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում։ Իսկ նրա բժշկությունը