վրա, ոսկեզօծ էր երևում և ծիրանի ծովը, որ ծավալվում էր հեռու ու հեռու, և ապա միախառնվում էր նույնպես ոսկեզօծ երկնքի հետ։ Ես առաջին անգամն էի տեսնում, թե ո՜րպիսի հրաշալի պատկեր է նկարում արևի երեկոյան վերջալույսը, երբ նա իր արարչագործ վրձինի տակ ունի ընդարձակ ջուր, պարզ երկինք, կանաչազարդ դաշտավայր և գեղեցիկ լեռներ՝ ալիքավոր, գեղագրական բարձրություններով։
Արևը մտավ, և կախարդական պատկերը սկսեց փոքր առ փոքր անհետանալ մեր աչքերից։ Մի քանի պատառ ձյունագույն ամպեր միայն պահպանել էին իրանց վրա սքանչելի ոսկեզօծությունը՝ այն ևս եղծվեցավ, և մոխրագույն մռայլը տիրեց ամեն տեղ։
Ես նայեցի Ասլանի երեսին. նրա դեմքը նույնպես մռայլված էր։ Ի՞նչ էր մտածում նա,— ես չգիտեմ։ Բայց ես մտածում էի, ինչո՞ւ այդ բոլորը, որ այդքան գեղեցիկ է, որ այդքան հիանալի է, ուր ամեն արարած այդքան ուրախ է, այդքան զվարթ է, ուր ամեն ինչ ժպտում է, ծիծաղում է, միայն մա՛րդը — բոլորի տերն ու իշխանը — չէ կարող վայելել մշտաձև ուրախություն, չէ կարող կատարելապես երջանիկ լինել։
Երբ հասանք գյուղը, Մուրադը խնդրեց ցույց տալ ռեսի (տանուտերի) տունը։ Մի քանի երեխաներ, մրցելով միմյանց հետ, թե որը շուտով կկատարե այդ ծառայությունը, առաջ վազեցին։
Մենք գտանք ռեսին, Դավիթ մարգարե-թագավորի նման, նստած էր իր տան կտուրի վրա։ Նրա մոտ էր և շինական քահանան։ Մի խումբ այլ մարդիկ ևս շրջապատել էին նրանց. ալևորները նստած էին, երիտասարդները հարգանքով կանգնած էին ոտքի վրա։ Խոսում էին շինական զանազան հարցերի մասին։ Ինչպես երևում էր, այդ կտուրը ռեսի բացօթյա դատարանն էր, որտեղ քահանայի և գյուղի ալևորների խորհրդով վճռվում էին զանազան վեճեր։ Դատը կատարվում էր հրապարակավ։ Մասնակցում էին և հասարակության ներկայացուցիչները։ Երկու ծայրեր շոշափում էին միմյանց՝ պարզ նահապետական դատավարության և կատարելագործված ռամկապետական դատավարության ծայրերը։
Երբ մեզ տեսան, խոսակցությունը դադարեցրին։ Ռեսը ոտքի ելավ և ողջունելով մեզ, խնդրեց նստել։ Բայց երբ նկատեց, որ մենք անշարժ մնացինք, կարծես մի բան մտաբերելով, դարձավ դեպի իր մոտ եղողներից մեկը, ասելով.
— Ինչպես երևում է, այդ մարդիկ մեզ նման գետնի վրա