բակն էր կազմում, և այսպես աստիճանաբար իջնում էին ցած, մինչև ձորի խորքը։ Եթե ներքևից մարդ նայելու լիներ դեպի լեռան զառիվերը, կտեսներ, որ տները, միմյանց վրա շարված լինելով, ներկայացնում են մի մեծ սանդուղք, որ նույնպես աստիճանաբար բարձրանում է մինչև սարի կատարը։ Ինձ շատ անգամ էր պատահել տեսնել, որ լեռնային երկրներում համարյա բոլոր գյուղերի համար ընտրել էին այսպիսի անհարմար և անմատչելի տեղեր։ Երևի, մշտական երկյուղը ստիպել էր խույս տալ հարթ դաշտերից և հովիտներից։ Ի՜նչ հիանալի գյուղի տեղ կարող էր լինել այն ծովեզրյա գեղեցիկ մարզադաշտը, որ երևում էր մեր առջև։ Երբ այդ մասին նկատեցին ռեսին, նա պատասխանեց.
— Մեր ծովը գժություններ շատ ունի, նա սովորել է լափել, կլանել իր եզերքի մոտ գտնված բնակությունները։— Հետո նա պատմեց հենց իր հասակում պատահած անցքերը, որ ծովը բարձրանալով, որքան գյուղեր, անդաստաններ ծածկել էր ջրի տակ։ — Իսկ հին ժամանակներում,— ավելացրեց նա,— ամբողջ քաղաքներ, բերդեր ու վանքեր են ջրասույզ եղել։
Ռեսը ծեր մարդ չէր. նա քառասուն տարեկան հազիվ կլիներ. թե՛ մորուքի և թե գլխի մազերի մեջ ոչ մի հատ ճերմակ չէր նշմարվում։ Հաղթանդամ տղամարդ էր նա, որպես սովորաբար լինում են այդ երկրի լեռնցիքը, բավական համակրական և բարի դեմքով։ Հագնված էր ճոխ և փառավոր կերպով, որից երևում էր, որ նյութապես ևս շատ հարուստ էր նա։ Գոտիի մեջ խրած ուներ մի խենջար, փղոսկրյա կոթով, որի վրա քանդակած էին զանազան նկարներ` մի առյուծ, որ կռվում էր փղի հետ և մի կապիկ, որ երկյուղից փախել և ծառի վրա էր բարձրացել, և այնտեղից երկչոտ կերպով նայում էր կռվի հանդեսի վրա։ Մեծ եղավ իմ զարմանքը, տեսնելով, որ ռեսի մոտ նստած ալևոր քահանան ևս իր գոտիի մեջ խենջար ուներ խրած։ Քահանա և զե՜նք,— դա ինձ շատ տարօրինակ երևաց։ Մյուս բոլոր գյուղացոց մեջ ևս, որ շրջապատել էին մեզ, չէր կարելի գտնել մեկին, որ այդ զենքը չունենար։
Հենց առաջին անգամից իմ աչքին զարկեց և այն, որ ռեսը բնավ ստրկական ողջագուրանքով և անթիվ «բարով եք եկել»-ներով չձանձրացրեց մեզ, որպես սովորություն է տեսել արևելքում։ Նա բավական սառնությամբ ընդունեց մեզ։ Մեկ ուրիշը այդ սառնությունը կարող էր վերաբերել կա՛մ նրա հպարտությանը և կա՛մ նրա անքաղաքավարի կոպտությանը։ Բայց ո՛չ այս, ո՛չ այն: