Նա պարզ մարդ էր, սովոր չէր սեթևեթի, բացի դրանից, մեր անակնկալ հայտնվիլը նրան կասկածանք պատճառեց, մանավանդ, որ մենք մեր մասին ծանոթություն չտվեցինք նրան: Նա ինքն ստիպված եղավ Ասլանի մասին հարցնել.
— Այդ պարոնը, երևի ֆրանկ է։
— Ֆրանկ է,— պատասխանեց Մուրադը:
— Հայերեն իմանու՞մ է։
— Չէ իմանում։
— Ապա ի՜նչ լեզվով է խոսում։
— Թուրքերեն գիտե։
— Լավ է, մենք էլ շատ ու քիչ իմանում ենք այդ լեզուն, լուռ չենք մնա։— Հետո նա դարձավ դեպի Ասլանը, հարցնելով.
— Դուք երևի, ընկուզենու կոճղ կամ մազեր գնելու համա՞ր եք եկած մեր կողմերը։
Ասլանը շփոթված մնաց այդ խոսքերից, թե ի՞նչը ստիպեց նրան այդ տեսակ հարց առաջարկել։ Վերջը հասկացվեցավ, որ նրանք սովոր էին ֆրանկներ տեսնել միայն այն ժամանակ, երբ գալիս են ընկուզենու կոճղ կամ կանանց մազեր գնելու։ Այստեղ ֆրանկների` այսինքն ֆրանսիացիների անունով էին ընդունում ամեն մի եվրոպական հագուստ հագած բախտախնդիր մարդու, որ օտար երկրներից գալով, մուտք են գործում այսպիսի աշխարհից անջատված և խուլ տեղերում, գյուղացիներին խաբելու համար։
— Ոչխարի և այծի ընտիր բուրդ է գտնվում մեր գյուղում,— ավելացրեց ռեսը։
— Ես վաճառական չեմ,— պատասխանեց Ասլանը,— ես բժիշկ եմ։
Բժշկի անունը մի ուրիշ տեղ կարող է ընդհանուր ուրախություն պատճառել, բայց այստեղ ոչինչ ազդեցություն չունեցավ։ Երևում էր, որ իրանց մաքուր օդի և ջրի շնորհիվ բժշկի կարոտություն չունեին։
— Իմ ընկերը վաճառական է, — ասաց Ասլանը, ցույց տալով Մուրադի վրա։— Նա ձեր ունեցած բաները կգնե:
— Այո, կոճղ և ոչխարի բուրդ կգնեմ ես,— ասաց Մուրադը,— բայց կանանց մազեր ինձ պետք չեն։
Ֆրանկները, բաղեշցի հայերն ու հրեաները սովորացրել էին դրանց այդ անաբարոյականությանը` միօրինակ կերպով խուզել թե՛ իրանց ոչխարների բուրդը և թե՛ իրանց կանանց գլխի մազերը, և վաճառքի նյութ դարձնել։