Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ մազեր չեք գնում,— հարցրեց այնտեղ նստողներից մեկը,— այստեղ շատ «աղվոր» մազեր կան, ճիշտ այնպիսի մազեր, որպիսին սիրում են ֆրանկները։

— Աղջի, մոտ ե՛կ,— ձայն տվեց նա կանանց շարքում կանգնած մի օրիորդի, որոնք հեռվից լսում էին մեր խոսակցությունը։

Ամոթխածությունից աղջիկը տեղից չշարժվեցավ. նրա մոտ եղող կանայք սկսեցին ծիծաղելով առաջ հրել նրան։ Վերջապես, գլուխը քարշ գցած, ժպտալով, կարմրելով մոտեցավ նա։ Չէր կարելի առանց հիացմունքի նայել նրա ոսկեգույն երկայն գիսակների վրա, որոնք հաստ հյուսերով իջնում էին մինչև կրունկները: Այս տեսակ խիստ և խարտյաշ մազեր ես տեսնում էի միայն այդ կողմերի լեռնցիների մեջ։ Զարմանալի էր այդ մազերի բնական փայլը։ Եթե լվացվեին նրանք, եթե սանրվեին, եթե նրանց վրա խնամք տարվեր որպես վայել էր,— այն ժամանակ այդ տեսակ մազերը կարող էին կնոջ գեղեցկության ամենաթանկագին զարդը լիներ:

— Ո՞րքան արժեն այդ տեսակ մազերը,— հարցրեց Մուրադը:

— Երկու ղուրուշ, միշտ այդ գնով ենք վաճառել,— պատասխանեց մազերի նմուշը մեզ ցույց տվողը։

Երկու ղուրո՜ւշ, գիտե՜ք որքան է,— մոտավորապես տասն կոպեկ։ Ասլանը վրդովվեցավ։

— Ամոթ չէ՞, որ այդքան չնչին վճարների համար դուք այլանդակում եք ձեր կանանց գլուխները։

Հանդիմանությունը ազդեցություն չունեցավ։

Նմուշը ցույց տվող գյուղացին բավական սառնասրտությամբ պատասխանեց.

— Այստեղ մազերը շատ շուտով են աճում, պարոն, այդ աղջկա մազերը երկու տարի չի լինի, որ կտրել են, այժմ նայեք, ո՜րքան աճել են։

Մազերի հարցը դեռևս երկար կարող էր զբաղեցնել մեզ, եթե գյուղացիներից մեկը երեխայի նման ձեռքը չտաներ դեպի Ասլանի ժամացույցի շղթան, հարցնելով.

— Այդ ի՞նչ բան է։

Ասլանը դուրս բերեց ժամացույցը և ցույց տվեց նրան:

— Մասնատուփ է,— շտապեց իր կարծիքը հայտնել քահանան, առանց մտածելու, որ այդ մարդը ո՛չ վարդապետ է և ո՛չ տերտեր, որ իր հետ սուրբ հաղորդության մասնատուփ ման ածե: