— Ոչ, ժամացույց է,— նրա սխալը ուղղեց ռեսը, ավելացնելով, որ մի այդպիսի ժամացույց նա մի ժամանակ տեսել է Աղթամարի հոգևոր տերի մոտ:
Ռեսի վերջին խոսքը մի մեծ առհավատչյա էր Ասլանի անձնավորության նշանակությունը բարձրացնելու գյուղացիների աչքում, որովհետև այն իրը, որ կրում էր նա, իրանց երկրում ուներ միայն Աղթամարի կաթողիկոսը։
Ասլանը բաց արեց ժամացույցը, սկսեց բացատրել նրանց, թե ինչպես նրանով իմանում են ժամերը։ Ամենքը հավաքվեցան նրա շուրջը և զարմացած նայում էին։ Ավելի զարմացնում էր նրանց ժամացույցի ձայնը։ Վերջը մի հանդուգն երիտասարդ խլեց Ասլանի ձեռքից, վազեց դեպի կանանց խումբը, որ նրանց էլ ցույց տա։ Ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, տեսնելով, թե նրանք ինչպես խլխլում էին միմյանց ձեռքից, տանում էին դեպի իրանց ականջը և լսում էին ձայնը, տանում էին դեպի իրանց քիթը և հոտ էին քաշում։ Բոլորովին հրաշք պետք էր համարել, որ ժամացույցը նրանց հետաքրքիր ձեռքերից ազատվելով, կրկին անվնաս իր տեղը հասավ։
Գյուղի նախիրը սկսել էր վերադառնալ արոտից։ Շրջակայքը մի առանձին կենդանություն ստացավ բազմաթիվ անասունների բառաչմունքից, կովերը ծանրաբեռնված ստինքներով, հազիվ կարողանում էին շարժվել, գեր ու պարարտ ոչխարները, ահագին դմակների ծանրության պատճառով, նույնպես կորցրել էին իրանց կայտառությունը։ Ես լսել էի, բայց այժմ միայն աչքով տեսա, որ այդ կողմերի ոչխարներից շատերի դմակները այնքան մեծ էին, որ կապել էին փոքրիկ սայլակների վրա, և այդ խեղճ անասունները, իբրև իրենց պարարտության մեղքը, անհնարին դժվարությամբ քարշ էին տալիս իրանց ետևից։ Վազվզում էին միայն թեթև այծերը։ Ես առաջին անգամն էի տեսնում այդ տեսակ գեղեցիկ այծեր, երկայն, փափուկ և գանգուր մազերով։ Այդ այծերի մազն է, որ տալիս է այն ընտիր շալեղեն գործվածները, որ արդյունաբերում է Ռշտունյաց աշխարհը։ Մատակ ձիաները, իրանց սիրուն քուռակների հետ, կարծես ծովից դուրս եկած «հրեղեն նժույգներ» լինեին։ Սիգալով, խրխնջալով, փոշի բարձրացնելով, այդ ուրախ մշտազվարճ անասունների երամակը, փոթորկի նման անցնում էր փողոցներից։
Ռեսը, ինչպես ճանաչում էր իր գյուղի բոլոր բնակիչներին, այնպես էլ ճանաչում էր համարյա բոլոր անասուններին։ Առանց