Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և, իրանց հետաքրքրությունը գոհացնելով, դարձյալ գնում էին։ Ոմանք մոտենում էին և լուռ նստում էին մեզ մոտ։ Եվ այսպես, մեզ շրջապատողների թիվը հետզհետե ավելանում էր։ Ի՞նչ տպավորություն էինք գործում մենք այդ կղզիացած, ամեն հարաբերություններից կտրված գյուղացիների վրա,— այդ դժվար էր որոշել, միայն նրանց առաջին հարցը լինում էր «հայե՞ր են», և երբ դրական պատասխան էին ստանում, այն ժամանակ միայն սկսում էին ավելի մտերմաբար նայել մեզ վրա։

Արևը մտնելուց հետո՝ երեկոյան զովը ցրտի փոխվեցավ։ Այդ ցուրտը մեզ համար միայն զգալի էր, բայց գյուղացիք նրան այնքան սովորած էին, որ ամենքը դրսում էին ընթրիք անում, ամենքը դրսում էին պառկում, բաց օդի մեջ, և առավոտյան ցողը զովացնում էր նրանց թեթև անկողինները։

Գեղեցի՜կ էր գյուղական երեկոն այդ ծովեզրյա սարավանդի վրա։ Խավարի մեջ անգամ նա սքանչելի տեսարան էր ներկայացնում։ Բոլոր խրճիթների ճրագները վառվում էին։ Գյուղի զառիվեր դիրքի համեմատ, այդ ճրագալույցը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե նրանք օդի մեջ էին վառվում և, աստիճանաբար դեպի վեր բարձրանալով, միախառնվում էին աստղերի հետ։ Երկնքի լուսատուները չէին որոշվում գյուղական խրճիթի լուսատուներից։

Ցուրտը հետզհետե ավելի զգալի էր դառնում։ Մենք խնդրեցինք ռեսից, որ ընթրիքը ներսում տան և մեզ համար այնտեղ քնելու տեղ պատրաստեն։ Երբ կտուրից ցած իջանք, երբ մտանք տունը, մեր առջև ներկայացավ մի ստորերկրյա ընդարձակ բնակարան, զանազան բաժանմունքներով և զանազան սենյակներով, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ։ Դա մի գետնափոր աշխարհ էր, որի մռայլ խորշերում կարող էին բնակվել բազմաթիվ ընտանիքներ։ Եվ ռեսի ընտանիքը փոքր չէր։ Դրսից, երբ դեռ մենք կտուրի վրա էինք գտնվում, ոչինչ չէր երևում,— երևում էին միայն գմբեթաձև փոքրիկ բարձրություններ, որոնց յուրաքանչյուրի գագաթի վրա մի֊մի երդիկ էր բացված, թե լույս ընդունելու և թե վառելու ժամանակ ներսից ծուխ դուրս տալու համար։ Բայց երբ ներս մտանք, աոաջին սենյակը, որ բացվեցավ մեր առջև, իր մեծությամբ կարելի էր այդ ստորերկրյա բնակարանի դահլիճը համարել։ Երկու կարգ փայտյա հաստ սյուներ, վեցանկյունի տաշվածքով, զուգահեռաբար շարված էին միմյանց մոտ, մինչև դահլիճի վերջը, որ կորչում էր մթության մեջ։ Սյուների յուրաքանյուրի