Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն կասկած փարատում էր. բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի։ Նրա մոտ գալիս էին հիվանդներ, կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրանց հիվանդությունների մասին։ Ա՜խ, որքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները,— բարոյական հիվանդություն... մտավորական հիվանդություն... հոգեկան հիվանդություն... երկրի անկարգությունից առաջացած տնտեսական հիվանդություն... բողո՜ք և բողո՛ք ամեն կողմից։ Ամեն ոք դեղ ու դարման էր պահանջում։ Բայց կարո՛ղ էր Ասլանը և այդ հիվանդությունների բժիշկը լինել։ Նրա բժշկարանի մեջ կա՞ր արդյոք մի որևիցե դարման երկրի հասարակական փտությունը և անդամալուծությունը բուժելու համար։ Այդ հարցերը վճռելու համար ես այն ժամանակ ոչ բավական գիտություն ունեի և ոչ բավական զարգացում։ Բայց իբրև իսկական բժիշկ, Ասլանը, իրավ որ, անգնահատելի էր։

Ասլանի դրությունը ես համեմատում էի մի շրջական կլայեկագործի հետ, որ սովորաբար, մեծ զատիկը մոտենալու ժամանակ, թափառում է գյուղից գյուղ, ժանգոտած, փախրոտած պղնձեղենը մաքրելու և կլայեկով պատելու համար։ Գյուղացիները իրանց բոլոր պղնձե ամանները թափում են նրա մոտ, որովհետև գիտեն, որ մի ամբողջ տարի նրա երեսը այլևս տեսնելու չեն։— Այսպես թափում էին բժշկի մոտ քաղաքացիները իրանց հիվանդներին, մտածելով, որ նա երկար չպիտի մնա իրանց մոտ, և շտապում էին նրա ներկայությունից օգուտ քաղել. Ասլանը, որպես գործից անվաստակելի մարդ, չէր խնայում ամենին իր օգնությունը։

Կոկորդիս ցավը բոլորովին անցել էր, մի քանի օրից հետո ինձ այնքան առողջ էի զգում, որ կարող էի տնից դուրս գալ։ Բայց դրսում և մանավանդ քաղաքում երևնալու համար պատշաճավոր հագուստ չունեի։ Իմ հագուստը դեռ նույնն էր, ինչ որ Մարոն, սուրբ աստվածածնի ուխտագնացության ժամանակ, մի կերպով կարկատեց ինձ համար։ Բայց ո՞րքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ Ասլանը վաղօրոք հոգացել էր այդ մասին, գնելով շուկայից ինձ համար ամենապատվական հագուստներ։ Ես իսկույն հագնվեցա, երբ Ասլանը հայտնեց, թե դիտավորություն ունի ինձ իր հետ տանելու։ Թեթև նախաճաշիկից հետո Ասլանը վեր առեց իր հետ զանազան տեսակ բժշկական դեղեր ու գործիքներ, մի մասն էլ ինձ տվեց, և մենք դուրս եկանք տնից։ Նա ասաց, որ մի քանի հիվանդների այցելություն պիտի գործե։ Քաղաքում դեղատուն չլինելու համար, նա ումն որ բժշկում էր, դեղերն էլ