Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխին հագցրել էին նույնպես փայտյա մեծ խոյակներ, որոնք կրում էին իրանց վրա առաստաղի ահագին գերանները։ Խոյակները զարդարած էին զանազան քանդակներով, որոնց մեջ երևում էր տեղային ատաղձագործի ճարտարությունը։ Սյուները կանգնած էին քարե պատվադանների վրա, որոնց հմուտ քարտաշը խիստ գեղեցիկ ձև էր տվել։ Բոլոր սյուների կողքին ամրացրած էր մի֊մի տախտակ, որ ձեռքի նմանություն ուներ, և նրանց վրա ճրագներ էին դրված։ Ճրագները շինված էին կավից և աղավնու նմանություն ունեին, այդ թռչունների կտուցներից դուրս ընկած պատրույգները վառվում էին կտավատի ձեթով։ Սենյակի այն մասը, որտեղ մեզ համար նստելու տեղ էին պատրաստել, բոլորովին լուսավորված էր։ Բացի ճրագներից, սյուների վրա ամրացրած փայտյա կախաններից քարշ էին ընկած զանազան զենքեր և հրացանի պարագայք,— քարշ էին ընկած նաև փոքրիկ զամբյուղներ, որոնց մեջ տեսակ-տեսակ իրեղեններ էին լցրած։ Սյուների այդ բոլոր զարդարանքները լրացնում էին դեղին և ծիրանեգույն «անթառամ ծաղիկները», որ մեծ փունջերով կապած էին նրանց վրա։ Այդ դահլիճից բացվում էին զանազան դռներ դեպի մյուս սենյակները, որոնք նույն ձևով էին շինված և ծառայում էին որպես մթերանոց, որպես ամբար, որպես մառան, և որոնք լի էին ամեն տեսակ բարիքներով։ Տանտիրոջ բոլոր հարստությունը ակնրև էր։ Միևնույն բնակարանից մի առանձին դուռն տանում էր դեպի խոշոր, եղջերավոր անասունների ախոռատունը և դեպի ձիաների փարախը։ Անասունները և իրանց տերերը սերտ դրացիության մեջ էին ապրում։

Գետնափոր խրճիթ ասելով, ես սովոր էի երևակայել գետնափոր խորշեր, որոնք գազանների որջից այնքանով են միայն զանազանվում, որքանով զանազանվում է կիսավայրենի մարդը գազանից։ Բայց գետնափոր խրճիթը ևս ունի իր կատարելագործված ձևը, որի մեջ արհեստը և ճարտարությունը մեծ հառաջադիմություն են գործել։ Մեր մտած խրճիթը այդ տեսակներիցն էր։ Շինության ամբողջ կազմվածքի մեջ երևում էր մեծություն, զորություն և ահեղ ձեռքի ահեղ գործ։ Շինության բոլոր պատերը կառուցել էին քարերից, բայց այդ քարերը ավելի ժայռեր էին, քան թե քարի մանր կտորներ։ Հսկա կիկղոպները միայն կարող էին այդ ժայռերը միմյանց վրա շարել և իրանց համար բնակարան կառուցանել։ Բայց կիկղոպները իրանց ամբարտակի ժայռերը չէին միացնում որևիցե շաղախով, իսկ այստեղ կրային շաղախը այնպես