Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապել էր ժայռերը միմյանց հետ, որ ահագին պատերը ձևացնում էին քարեղեն ամուր, միապաղաղ զանգված։ Եվ այդ բոլորը կատարվել էր գետնի տակ, ուր արևի ճառագայթները երբեք չէին թափանցում, ուր մշտական մռայլի մեջ ապրում էր մի մռայլ ժողովուրդ և երկնքի լույսը տեսնում էր իր ստորերկրյա վիրապի նեղ երդիկից միայն։

Մռա՜յլ էր, մռա՜յլ․.. և այդ մռայլ մթությունը խիստ ճնշող, սարսափեցնող տպավորություն էր գործում։ Մռայլ գույն էին ստացել ահագին պատերը, մռայլ գույն էին ստացել առաստաղի հաստ գերանները, մռայլ գույն էին ստացել փայտյա մեծ սյուները, մռայլ գույն էին ստացել և նրանց վրա կապված «անթառամ ծաղիկների» խոշոր փունջերը։ Եվ այդ ներկը տվել էր բոլոր առարկաներին մշտական ծուխը, որ վեր էր բարձրանում մշտավառ կրակից։— Դա տնային անհանգչելի օջախն էր, այն սրբությունը, որի անունով մինչև այսօր էլ երդվում է հայ գյուղացին։ Այդ օջախը կազմված էր սենյակի կենտրոնում, որտեղ մխում էին մի քանի կտոր փայտեր,— մխում էին, երբեմն աղոտ բոցեր և երբեմն մեղմ կայծեր արձակելով։ Այդ օջախի շուրջը ձմեռային գիշերներում հավաքվում էր նահապետական գերդաստանը և տան ծերունին պատմում էր երեխաներին հայրերի գործը։ Այդ օջախը փոխարինում էր երկնքի արեգակին, այդ օջախը լույս և ջերմություն էր սփռում մռայլ բնակարանին։ Այդ օջախը վառվում էր միշտ, նրա կրակը երբեք չէր հանգչում։ Այդ օջախը հիշեցնում էր ինձ էտնայի մշտավառ կրակը, որտեղ կիկղոպները Արամազդի համար շանթեր էին դարբնում։ Բայց ես այստեղ շանթեր չէի տեսնում,— այդ կրակից միայն մեղմ կայծեր էին ցայտում... թեև այդ հրաբուխի մեջ նույնպես կիկղոպներ էին բնակվում...

Ռեսի ընտանիքը մեծ էր, մեծ էր, որպես նրա ընդարձակ բնակարանը։ Այստեղ ապրում էին մի քանի սերունդ միասին` մեծ պապը, նրա որդիները, նրա թոռները և նրա թոռնյայքը։ Տան սրահում քսանից ավելի օրորոցներ էին ճոճվում։ Հարսներով, աղջիկներով, երիտասարդներով ու պատանիներով լի էր տունը։ Երեխաները թիվ ու համար չունեին։ Ռեսը իր տասն և մեկ եղբայրների միջնակն էր։ Նույն թվի կեսի չափ քույրեր ուներ նա։ Նրա մայրը դեռ կենդանի էր, իսկ հայրը երկու տարի առաջ վախճանվել էր հարյուր և հինգ տարեկան հասակում։ Մեծ պապին ես չտեսա. նա գնացել էր մերձակա գյուղը իր աղջկան տեսնելու։ Բոլոր եղբայրները ապրում էին անբաժան, միասին և նույն հարկի տակ, կրտսերը