Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոնարհվում էր ավազին։ Իսկ բոլորի վրա իշխում էր մեծ պապը — գերդաստանի հայրապետը։ Նայելով այդ ընտանիքին, ես մտաբերում էի մեր Հայկ նահապետի գերդաստանը, որ բաղկացած էր երեք հարյուր հոգուց։ Այստեղ թեև այն թիվը չկար, բայց իր սպասավորներով, աղախիններով և ընդոծիններով նրա երրորդ մասը անպատճառ կլիներ։

Առանց հրավիրելու, մեզ հետ ընթրիք ուտելու եկան այն բոլոր անձինքը, որ կտուրի վրա ռեսի մոտ նստած էին։ Դա մի առանձին պատիվ էր՝ թե՛ դեպի մեզ և թե՛ դեպի ռեսը, որ նրա հյուրերին միայնակ չէին թողնում։ Սեղանը ճոխ էր և համադամ։ Յուղը առատությամբ ծփում էր կերակուրների երեսին։ Եթե կերակուրների բազմատեսակությունը և նրանց լավ պատրաստությունը կարելի է կրթության և ճաշակի մի որոշ չափ համարել, այդ կետից, զարմանալի էր տեսնել այդ ստորերկրյա բնակարանում այն տեսակ կերակուրներ։ Ամենքը սպասում էին քահանային, որ սեղանը օրհնե և ապա սկսեին ուտել։ Մեզ շրջապատող խոշոր երևույթների համեմատ, սեղանի վրա ևս նշմարվում էր խոշորություն և մեծություն. — պղնձյա խոշոր պնակների մեջ ածած էին կերակուրները, փայտյա խոշոր գդալներով ուտում էին խոշոր ժայռերի սրտում բնակվող խոշոր մարդիկը։ Թե՛ կերակուրները և թե՛ հացը այնքան առատությամբ դրված էին սեղանի վրա, որ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չէր մնացել։ Այդ նրա համար էր, որ հյուրերը չամաչեին, չքաշվեին, որ ուտեին, որքան կամենում են, և դարձյալ մեծ մասը մնար սեղանի վրա։ Այդ ամոթը ոչ այնքան շատակեր հյուրին, որքան տան տիրոջը կվերաբերեր, եթե նրա սեղանի մի փոքրիկ մասն անգամ բացվեր։ Սեղանը միշտ պետք է ծածկված մնար ուտելիքների տակ։ Ոտքի վրա՝ մեզ պատվելու համար՝ ծառայում էին տան հարսները, աղջիկները և պատանիները։ Կատարյալ իրարանցում էր տիրում, երբ որևիցե պատվեր էին տալիս այդ ընտանեկան սպասավորներին. նրանցից յուրաքանչյուրը շտապում էր, որ ինքը կատարե հրամանը։ Կանայք թեև մեզ հետ չէին խոսում, բայց, ուրիշ տեղերի հայ կանանց նման, երեսները չէին ծածկում։ Աղջիկները և՛ խոսում էին, և՛ ծիծաղում էին։ Ռեսի ընտանիքից, բացի նրա ավագ եղբայրներից, ոչ ոք սեղանի վրա նստած չէր։ Կրտսեր եղբայրները, ձեռքները կուրծքի վրա խաչաձև դրած, անշարժ կանգնած էին և հրամանի էին սպասում։ Կանանցից ոչ ոք սեղանակից չէր։ Այդ սովորությունը պահպանվում է ոչ միայն այն ժամանակ, երբ սեղանի վրա օտար հյուրեր