Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան, այլև իրանց ընտանեկան շրջանում կինը տղամարդի հետ միասին չէ ճաշում։ Նախ ուտում են տղամարդիկ և ապա կանայք։ Չնայելով, որ հյուրերի թիվը այնքան շատ էր, որ դահլիճի մի ծայրից մինչև մյուսը բռնել էր, բայց դարձյալ նոր և նոր հյուրեր էին գալիս, ողջունում էին և լուռ նստում։ Այդ ինքնակոչ հյուրերի համար նոր կերակուր էին բերում։ Մուշից բերել տված գինին առատ էր. խմում էին մեծ գավաթներով, և այնքան ախորժակով, որ ինձ հիշեցնում էին Հոմերոսի հերոսներին։ Խոսում էին մեծերը և հասակավորները միայն, և ավելի միջոց էին տալիս, որ մենք խոսենք։ Ասլանը հարցրեց.

— Ի՞նչպես են ձեր հարաբերությունները քրդերի հետ։

— Վատ չեն,— պատասխանեց ռեսը։— Առաջ միմյանց հետ այնպես էինք, ինչպես շուն ու կատու, բայց հիմա այնպես ենք, ինչպես լավ դրացիներ։ Մենք նրանց տունն ենք գնում, նրանք մեր տունն են գալիս, և մեր անասունները միասին միևնույն արոտատեղիներում են արածում։ Երբեմն մեր գյուղացիներից ոմանք «զոմա» չեն գնում, իրանց ոչխարները հանձնում են նրանց, տանում են լեռների վրա, ամբողջ ամառը պահում են և աշնան վերջերում բերում, ողջ ու առողջ հաձնում իրանց տիրոջը։ Ոչինչ վարձ էլ չեն ընդունում, երբ տերը առաջարկում է նրանց, ասում են՝ «հարևանություն է, այսօր ես եմ քեզ պետք գալիս, էգուց դու ինձ պետք կգաս»։ Եվ այդպես էլ լինում է, երբեմն ձմեռը երկարում է, նրանց անասունների ճարակը սպառվում է, մեր գյուղացիք բերում են նրանց անասունները, իրանց փարախներում պահում են, մինչև գարնան խոտը բուսնում է, հետո գալիս են, տանում են։

— Միշտ այդպե՞ս են եղել ձեզ հետ քրդերը։

— Առաջ այդպես չեն եղել։ Առաջ մեր գյուղացին իր ունեցածի տերը չէր։ Ինչ լավ բան որ տեսնում էին նրա մոտ կամ հայտնի կերպով հափշտակում էին, կամ գաղտնի կերպով գողանում էին։ Ոչ միայն մեր անասունների, այլև մեր կանանց ու աղջիկների տերը չէինք...

— Ի՞նչպես եղավ, որ այժմ այդպես բարի դարձան քրդերը։

— Մենք ստիպեցինք նրանց բարի լինելու,— ժպտալով պատասխանեց քահանան։— Առաջ ինչ որ անում էին, ձայն չէինք հանում, համբերում էինք, կարծում էինք, որ այդպես լավ է, գուցե մեր խոնարհությամբ նրանց չարությունը խափանենք։ Բայց