Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան համբերեցինք, նրանք ավելի կատաղեցան։ Սկսեցինք մենք էլ նույն կերպով վարվել նրանց հետ։ Նրանք մեր մի ոչխարն էին գողանում, մենք փոխարենը տասն էինք գողանում։ Նրանք մեր մարդու մի մատն էին կտրում, մենք մեր ձեռքն ընկած քրդի գլուխն էինք կտրում։ Եվ ինչո՞ւ պետք է մեր մեղքը ծածկեմ, շատ անգամ բոլորովին անմեղ քրդեր, երբ մեր լեռների մեջ պատահում էին, բռնում էինք, և հանգստացնելով, թաղում էինք քարերի տակ։ Այդ որ տեսան, քրդերը ավելի կատաղեցան։ Մի քանի անգամ խումբերով հարձակվեցան մեր գյուղի վրա, բայց երբ փորձեցին, որ մենք հեշտ կուլ տալու պատառ չենք, այն ժամանակ իրանց չափը ճանաչեցին։ Հիմա երկյուղից մեր գյուղի մոտովն էլ չեն համարձակվում անցնել, շատերը բարեկամացել են մեզ հետ, շատերն էլ մեր բարեկամությունն են որոնում.․․

— Եվ դուք հավատո՞ւմ եք նրանց։

— Հավատալու պետք չունենք, «սոխը որտեղ էլ տնկես, իր համն ու հոտը չի կորցնի», այդպես էլ քուրդը միշտ քուրդ կմնա։ Բայց երբ նա տեսնում է, որ եթե ինձ մի վնաս հասցնելու լինի՝ անպատիժ չի մնա, սկսում է իր վարմունքների մեջ զգույշ լինել ինձ հետ։

— Տեղային կառավարությունը ի՞նչպես էր նայում ձեր վարմունքների վրա, երբ դուք սկսեցիք քրդերին քրդի ձևով պատասխանել, այսինքն ուզում եմ ասել, երբ սկսեցիք նույնը անել, ինչ որ նրանք ձեզ հետ անում էին։

— Կառավարությունը եթե խելք ունենար՝ պետք է խրախուսեր մեզ, որովհետև մենք նրա գործը հեշտացնում էինք, անկարգներին պատժելով և խաղաղությունը վերականգնելով։ Բայց նա սկզբում հալածեց մեզ, իր հին նախապաշարմունքով, թե «գավուրը» իրավունք չի պիտի ունենա մահմեդականին այն անել, ինչ որ մահմեդականը նրան անում է։ Եվ եթե նա այնքան անզոր չլիներ, որպես է մեր կողմերում, կարող էր վնասել մեզ։

Քահանայի պատասխանը ավելի պարզեց ռեսը, ավելացնելով․

— Գիտե՞ք, պարոն բժշկապետ, մեր կառավարությունը փափուկ տեղերի փորփրողն է, երբ պինդ տեղը հասավ, բրիչը մի կողմ կդնե։ Ինչո՞ւ մուդիրը, գայմագամը և դրանց նման այլ պաշտոնակալներ՝ քուրդ ավազակի, քուրդ մարդասպանի ետևից չեն ընկնում, որովհետև գիտեն, որ եթե նրանց նեղացնելու լինեն, մի օր էլ իրանց տունը կողոպտված կտեսնեն, և իրանց գլուխն էլ իր տեղումը չի մնա։