Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քրդից, իրավ է, նրանք այդ երկյուղը կարող են ունենալ, բայց հայի՞ց..․

— Հայից, ճշմարիտ է, չեն ունենա, բայց ոչ ամեն հայից...— պատասխանեց ռեսը վիրավորված եղանակով։— Ինչո՞վ ենք մենք պակաս քրդից։ Այս րոպեում, եթե ձայն տալու լինեմ, ամբողջ գյուղը ոտքի կկանգնե, ուր որ ասելու լինեմ, կգնան, ինչ որ հրամայելու լինեմ, կկատարեն։

— Բայց մի գյու՜ղ, լավ մտածեցեք, ի՞նչ բան է մի գյուղը.․․

Ասլանը կարծես աշխատում էր բարկացնել ռեսին, որ նա ավելի ասեր, ինչ որ չէր ցանկանա ասել։

— Միայն մի գյուղ չէ, պարոն բժշկապետ,— խոսեց նա դարձյալ զայրացած եղանակով,— մեր ամբողջ ծովեզերքի բնակիչները նույն հոգին և նույն սիրտն ունեն։ Իհարկե, մենք այժմ այն չենք անում, ինչ որ առաջ անում էինք, մենք այժմ իզուր տեղը ոչ ոքին վնաս չենք տալիս։ Եթե առաջ շատ անգամ բոլորովին անմեղ մարդկանց բռնում և մորթում էինք, այդ նրա համար էր, որ մեր թշնամիներին ցույց տանք, թե տեսե՛ք, եթե դուք չարություն կանեք, մենք էլ ընդունակ ենք նույնն անելու, լավն այն է, որ ո՛չ դուք անեք և ո՛չ մենք, այլ ապրենք միասին, որպես բարի դրացիներ։ Եվ այդպես էլ եղավ, մեր ցույցերից հետո՝ քրդերր բարեկամցան մեզ հետ, որովհետև նրանք գիտեն հարգել քաջությունը։ Այժմ շատ դեպքերում, երբ նրանք կռիվ ունեն միմյանց հետ, մեր օգնությանն են դիմում։

— Իսկ եթե ձե՞զ հարկավոր լինի նրանց օգնությունը։

— Չեն խնայի։

Ես մտաբերեցի Թոխմախ-Արթինի առածը. «թուրքին ծեծի՛ր, հետը բարեկամացի՛ր»։ Ասլանը հարցրեց.

— Ինձ շատ զարմացնում է այն, թե ի՞նչ հրաշքով կատարվեցավ ձեր կյանքում այդ մեծ փոփոխությունը, որ դուք ձեր վաղեմի ստրկությունից (որը այլ բառերով սովորել էիք հնազանդություն և համբերություն կոչել) հանկարծ դուրս եկաք և սկսեցիք անձնապաշտպանության դիմել։ Ո՞վ մտցրեց ձեր մեջ այդ միտքը և այդ հոգին։ Ո՞վ սովորեցրեց ձեզ ընտրել զենքը որպես գլխավոր միջոց և գրավական՝ թե՛ թշնամու և թե՛ բարեկամի հետ խաղաղություն պահպանելու։

— Մենք այդ բոլոր փոփոխություններով պարտական ենք մեր սիրելի վարժապետին, — պատասխանեց ռեսը։ — Նա բաց արեց