Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՛ մեր աչքերը և թե՛ մեր կապված, կաշկանդված ձեռքերը։ Նա մտցրեց մեր մեջ անձնապաշտպանության ոգին, սովորեցրեց բարեկամի հետ բարեկամ լինել, թշնամու հետ թշնամի, եթե չհաճի բարեկամանալ։ Նա մեզ հետ քաջությամբ մասնակցում էր այն բոլոր գործերում, որ կատարվեցավ վերջին տարիներում։ Բայց ո՞րքան գործեր կատարվեցան այդ ժամանակներում... Ո՞րքան զոհեր տվեցինք մենք, մինչև կարողացանք փոքր ի շատե ապահովել մեր դրությունը... Աղետալի՜, շատ աղետալի՜ էին այդ ժամանակները... մենք միշտ արյունոտ ձեռքով էինք ուտում մեր հացը, եթե մի րոպե միջոց էինք գտնում ուտելու...

Վերջին խոսքերի ժամանակ ռեսի ձայնը դողդողաց, նրա այրական դեմքը ընդունեց խիստ տխուր արտահայտություն։ Ասլանը իր հարցերով զարթեցրեց նրա մեջ անցած ժամանակների մոռացված հիշողությունները, որոնք որքան ցավալի էին, նույնքան և ուրախացուցիչ էին...

Ընթրիքը բավական երկար տևեց, նրանք սպասում էին «սիրելի» վարժապետին, որ գնացել էր մերձակա լեռան հովիվների մոտ և պիտի վերադառնար երեկոյան։ Երբ տեսան, որ ուշացավ, քահանան օրհնեց սեղանը։ Վերջին օրհնությունը լի էր մի շարք բարեմաղթություններով։ Նա օրհնեց կերողներին, կերակրողներին, սեղանը պատրաստողներին, ոտքի վրա ծառայողներին, նրանց կենդանիներին և ննջեցյալներին։ Նա օրհնեց և նրանց, որ ուտելու հաց չունեն, որ քաղցած են, և բարեմաղթում էր նրանց համար նախախնամողի ողորմածությունը։ Նա օրհնեց բոլոր նեղյալներին և կարոտյալներին, և ամենի համար լիություն ու անդորրություն էր խնդրում։

Երբ մեր սեղանը հավաքեցին, դրսում սրահի մեջ, երկու առանձին սեղաններ պատրաստվեցան. մեկի շուրջը հավաքվեցան կանայք իրանց երեխաների հետ, իսկ մյուսի շուրջը հավաքվեցան ոտքի վրա ծառայող տղամարդիկ։ Կանայք նստած էին մութի կողմում, իսկ տղամարդիկ լույսի կողմում, կանայք լուռ էին, իսկ տղամարդիկ խոսում էին, ծիծաղում էին, հանաքներ էին անում, մի քանիսը մինչև անգամ սկսեցին երգել։ Ես առաջին անգամն էի լսում լեռնցի հայի երգը, որ իր սարերի մելամաղձոտ արձագանքի նման՝ կոտրատվում էր, կոտրատվում էր երկարաձիգ լե՜֊լե՜֊ներով, և ապա աստիճանաբար խլանում էր, և վերջին տխուր հնչյունները հանգչում էին երգողի սրտի խորքում։ Մեզ մոտ եղած հյուրերը քաշվեցան սենյակի պատերի տակը,