Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վառեցին երկար չիբուխները, սկսեցին ծխել։ Ճոխ ընթրիքից հետո հանգստություն էին վայելում։ Խիստ օտարոտի էր նրանց նստելու ձևը այդ միջոցին, նրանք ավելի պառկած էին, քան նստած։ Յուրաքանչյուրը ուսով պատին կռթնած, թևքի մի արմունկով հատակին հենված, ոտները կամ մեկնել էր, և կամ ծնկները վեր բարձրացնելով, ոտներով մի տեսակ կամուրջ էր կազմել։ Միայն ռեսը և քահանան ծալապատիկ նստած էին մեզ մոտ։ Մյուսները կատարյալ ազատություն էին վայելում, և իրանց նստվածքին ինչ ձև որ ուզում էին, տալիս էին։ Անկարելի էր այդ միջոցին մոտենալ նրանց չիբուխներին և կրակ վառել, մի այսպիսի հանդգնության համար պատրաստ կլինեին արյուն թափել։

Մի քանի անգամ ևս հիշվեցավ «սիրելի» վարժապետի անունը. ամենքը զարմանում էին, թե ինչու այդքան ուշացավ նա, և ոմանք կասկածում էին՝ միգուցե որևիցե վտանգ պատահած լիներ նրան։

— Նրա հետ ի՞նչ կարող է պատահել,— նկատեց հյուրերից մեկը,— նա այնպիսի մարդ է, որ ծովը կմտնե և ցամաք դուրս կդա։

Տեսնելով, որ այդքան անհանգիստ են վարժապետի մասին, Ասլանը հարցրեց, արդյոք գո՞հ են նրանից։

— Ինչպես գոհ չլինել, պարոն բժշկապետ,— պատասխանեց քահանան,— նա ոչ միայն մեր երեխաների վարժապետն է, այլ մեր ամենի վարժապետն է։ Մենք շատ բան սովորեցանք նրանից, այո՛, շատ բան... ոչ այնքանը միայն, որ մի քանի րոպե առաջ պատմեց ձեզ մեր հարգելի ռեսը։

Հայոց գյուղերում վարժապետը և շինական քահանան միշտ անհաշտ և հակառակ դիրքի մեջ են լինում միմյանց հետ, այժմ զարմանալի էր լսել քահանայից վարժապետի մասին գոհունակություն։

— Ի՞նչ սովորեցաք նրանից,— հարցրեց Ասլանը հետաքրքրությամբ։

— Շատ բան սովորեցանք,— կրկնեց քահանան համոզիչ եղանակով,— օրինակ, այսօր, գիտե՞ք ինչի համար է նա գնացել սարը, մեր հովիվների մոտ.— այնտեղ պանիր են մակարդում, գնացել է տեսնելու, արդյոք իր պատվերների համեմատ են մակարդում, թե ոչ։ Նա սովորեցրեց մեզ բոլորիս նոր ձևով պանիր շինել։— Այդ պանիրը, որ հիմա կերաք, ի՞նչպես էր։

— Շատ պատվական պանիր էր։