Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ նրա սովորեցրած ձևովն է պատրաստված։ Նա բժշկություն էլ է իմանում. երբ գյուղերում հիվանդներ են պատահում, նրան կանչում են, բոլորի մոտ գնում, ոչ միայն հայերի, այլ մինչև անգամ քրդերի մոտ։ Երբ փող են առաջարկում, նա վիրավորվում է։

— Բժի՞շկ է։

— Ո՛չ, այնպես, գրքեր կարդալով, սովորել է, բայց մի լավ բժշկից ավելի է իմանում։ Նա մեր երեխաների դասատվության համար էլ ոչինչ վարձ չէ ընդունում, ասում է՝ ինձ փող հարկավոր չէ, ինձ մի կտոր հաց տվեք ուտեմ և մի տեղ տվեք պառկեմ, այդքանն էլ բավական է։ Մի խոսքով, զարմանալի անշահասեր մարդ է։

— Ուրեմն գյուղացիք սիրո՞ւմ են նրան։

— Իրանց հոգու պես։ Նա մեր երկրագործական մշակությունների մասին ևս շատ օգտավետ խորհուրդներ է տալիս. ինչ որ նրա խորհրդի համեմատ ենք անում, տեսնում ենք, որ ավելի լավ է լինում, քան թե այն ձևով, որ մենք առաջ սովորել էինք մշակել։ Անասունների հիվանդության դարմանն էլ է իմանում, անասունների ցեղը ազնվացնելու եղանակն էլ է իմանում։ Տեսա՞ք մեր անասունները, ոչ մի տեղ մեր շրջակայքում մեր գյուղի անասունների նմանը չկա։ Անդադար նոր և նոր գրքեր է բերել տալիս, կարդում է, ինքը սովորում է, և մեզ էլ նոր բաներ է սովորեցնում։

— Ի՞նչ լեզվով են լինում այդ գրքերը։

— Չգիտեմ, այդքանը միայն գիտեմ, որ հայերեն չեն։

Ուրախալի էր լսել այդ բոլորը քահանայի բերանից։ Որքա՜ն սխալ պետք է համարել այն կարծիքը, որ կազմվել է մեր գյուղացիների մասին, թե նրանք մոլեռանդ են, նախապաշարված են ուսման դեմ, կամ մինչև անգամ թշնամի են ուսման և հալածում են ուսուցիչներին։ Ո՞վքեր են այդ հալածյալները, ովքե՞ր են գնում գյուղերը, ովքե՞ր են մտնում ժողովրդի մեջ։— Ոչ մի օրինավոր կերպով պատրաստված մարդ, որ գյուղացուն պիտանի լիներ, և ոչ մի բարոյական մարդ, որ գյուղացու աչքում բարի օրինակ դառնար։ Քաղաքի ուսյալների մրուրը թափվում է գյուղերի մեջ։ Քաղաքի անպիտանը՝ գյուղում իրան պիտանի է համարում և հանձն է առնում գյուղացու կրթության գործը։ Նա իր անբարոյական բարք ու վարքով զզվանք է հարուցանում ոչ միայն դեպի իր անձը, այլև դեպի ուսումը, որ նա տալիս է։ Անձնավորության մուրը թրծվում է և գործի վրա։ Գյուղացին սկսում է խիստ լոգիկապես