Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատել. «Եթե ուսումը այդ է, եթե ուսում առած մարդը այդպես կլինի, լավ է, որ որդիքս չփչացնեմ»... Ցույց տվեցե՛ք նրան բարի օրինակ, ցույց տվեցեք ուսման շոշափելի օգուտները և կտեսնեք նա կսկսե սիրել թե՛ ուսումը, և թե ուսում տվողին։ Ես ուրախ էի, որ այդպիսի մի անգնահատելի անձն մեր խոսակցության առարկան էր։

Ռեսը բոլորովին այլ կետից սկսեց գնահատել վարժապետի արժանավորությունները, ասելով.

— Նա որքան շատ ուսում ունի, որքան շատ բան գիտե, միևնույն ժամանակ շատ քաջ մարդ է։ Նա իմանում է լավ հրացան արձակել, և մեր երեխաներին ևս սովորեցնում է նշան խփել։ Նա իմանում է ծովում լավ լող տալ, և մեր երեխաներին ևս սովորեցնում է ջրի հետ այնպես խաղալ, ինչպես ցամաքում։ Ուրիշ ինչե՞ր չէ սովորեցնում նա. վազել, լայն փոսերի վրայից թռչել, սարերում պատի նման հարթ ժայռերից վեր բարձրանալ, քարի կամ երկաթի ծանր կտորներ ձեռքի վրա շարժել, գերանների կամ պարանների վրա ճախարակի նման զանազան պտույտներ գործել, թռիչքներ անել և այլն։ Դրանք շատ հարկավոր բաներ են, մանավանդ մեր լեռների մեջ և մեր դրության մեջ։ Մենք հրեշտակների հետ չենք ապրում, մենք գազանների հետ ենք ապրում. պետք է մարդ վազել գիտենա, երբ պատահում է փախչել, և արագաշարժ ոտներ ունենա, երբ կամենում է բռնել։

Միայն սպարտական կյանքով ապրող մի հասարակության ներկայացուցիչը կարող էր ռեսի նման գնահատել մարմնամարզության առողջարար, կենդանացուցիչ, և հոգին, միտքն ու մարմինը կազդուրիչ նշանակությունը,— կարող էր հասկանալ և նրա նշանակությունը կյանքի պատահարների դեմ մաքառելու մեջ։

Թե՛ ռեսի, թե՛ քահանայի հայացքների մեջ, և թե առհասարակ նրանց դատողության բոլոր ձևերի մեջ` խիստ ակներև կերպով երևում էր իրանց սիրած վարժապետի ազդեցությունը։ Այդ մարդիկը բոլորովին այլապես էին վերաբերվում կյանքին և նրա պահանջներին, քան թե՛ որքան պատահել էր ինձ լսել` հայ շինականի դատողությունը։

Զարմանալին այն էր, որ մեզ մոտ գտնված մյուս գյուղացիներն ևս բաժանում էին ռեսի հայացքները։ Կյանքի անհրաժեշտությունները, կարծես, ամենի համար պարզ էր։ Յուրաքանչյուրը ցանկանում էր զավակին այնպես պատրաստված տեսնել, որ նա աշխարհի մարդ լիներ և նրա հարվածների տակ չընկճվեր, չխորտակվեր։