Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքն էր տալիս, աղքատներին, իսկ հարուստներից փող էր ստանում։

— Դու գիտե՞ս քո դերը, Ֆարհատ,— ասաց նա, երբ դուրս եկանք փողոցը։

— Ի՞նչ դեր,— հարցրի ես, բոլորովին մոռացած լինելով այն պատվերները, որ Վան քաղաքը մտնելուց առաջ, ճանապարհին տվել էր ինձ։

— Դու եվրոպացի բժշկի ճանապարհորդության առաջնորդն ես։ Հասկացա՞ր։

— Հասկացա,— մեքենայաբար պատասխանեցի ես։

Ի՞նչ առաջնորդ կարող էի լինել ես, երբ ոչ երկրի հետ ծանոթ էի և ոչ լեզուներ գիտեի։ Ես, իսկապես, նրա խուլ ստվերն էի, որ անգիտակցաբար գնում էի նրա ետևից։

Ասլանը սիրում էր ոտքով ման գալ, որքան և հեռու լիներ ճանապարհը։ Նա հագած ուներ մինչև ծնկները երկայն կոշիկներ, գլխին դրել էր մոխրագույն, լայնեզրյա, փափուկ գլխարկ, իսկ աչքերը զինված էին մուգ-ծխագույն ակնոցներով, որոնք բոլորովին անտեսանելի էին կացուցանում նրա թափանցիկ, խորախորհուրդ աչքերը, որոնք ակնոցների ամենևին պետք չունեին։ Թևքի տակ կրում էր իր դեղորայքի պայուսակը, ձեռքին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ավելի մահակ էր, քան թե գավազան։

Արևը դեռ նոր էր բարձրացել։ Ամառային առավոտը մի առանձին զովություն էր ստացել Այգեստանի այն փողոցների մեջ, որոնք աջ և ձախ կողմից զարդարված էին ահագին ուռենիների և բարդենիների շարքերով։ Այդ դարևոր ծառերով հովանավորված էին փոքրիկ առվակները, որոնք հոսում էին փողոցների երկու կողմերից ևս, և ջուր էին մատակարարում թե այգիներին և թե բնակիչների տները շրջապատող պարտեզներին։ Նայելով այդ ծառազարդ բնակարաններին, անծանոթ մարդու գլխում իսկույն ծագում է այդ միտքը, թե ո՞րքան ուրախ և խաղաղ ապրում է այստեղ քաղաքացին։

— Հայը ապրել գիտե,— ասում էր Ասլանը,— ստրկության լծի տակ անգամ նա պահպանում է մի տեսակ բարեկեցություն, և դրա մեջն է նրա կենդանությունը, որ դարերի ընթացքում թեև տրորվում է ճնշման ներքո, բայց դարձյալ չէ մեռնում։

Առաջին անգամն էր, որ ես դուրս էի գալիս փողոցը, այդ պատճառով երեխայի նման, ամեն մի հանդիպած առարկան հետաքրքրում էր ինձ։ Ես նայում էի, թե ինչպես նորահարսները, երեսները