Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրահում լսելի եղավ ուրախաձայն աղաղակ.

— Բարո՜վ, Աբգար ախպար, բարո՜վ...

— Եկավ վարժապետը,— ասաց ռեսը, նույնպես ուրախանալով։

Մեր ամենքի աչքերը դարձան դեպի դռները։ Ծիծաղելով ներս մտավ մի բարձրահասակ, հաղթանդամ, ուրախադեմ երիտասարդ, անփույթ կերպով անցավ սենյակի միջով, ձեռքի երկար նիզակը դրեց մի անկյունում, և ապա մոտեցավ մեզ։ Իր հագուստով չէր որոշվում նա մյուս լեռնաբնակներից. նույնպես կուրծքը կիսաբաց, բազուկները հոլանի, թաղիքյա երկաթագամ տրեխները հագին, գլխի քոլոզը փաթաթած գույնզգույն թաշկինակներով, և նրանց տակից արձակ թողած երկայն մազերը ծածանվում էին մերկ պարանոցի վրա։ Որքա՜ն աշխատել էր նա նմանվել այն հասարակությանը, որի հետ գործ ուներ։

Նա նայեց մեզ վրա և նրան տիրեց մի տեսակ շփոթություն․․․

Ոչ սակավ շփոթվեցանք և մենք... Բայց իսկույն զսպելով իրան, ձեռքը մեկնեց նա Ասլանին, ասելով․

— Այս գյուղի վարժապետը՝ Աբգար Ոստանիկ։

— Բժշկապետ Քարլ Ռիսման,— ներկայացրեց իրան Ասլանը, հետո ծանոթացրեց մեզանից ամեն մեկին։

Նա նստեց քահանայի մոտ և, դառնալով դեպի ռեսը, ասաց.

— Լավ հյուրեր եք ունեցել: Ցավում եմ, որ չհասա ընթրիքին։

— Շատ սպասեցինք ձեզ, Աբգար ախպար,— պատասխանեց ռեսը,— ինչո՞ւ այդքան ուշացաք։

— Գիտեք, էլի՜... Երբ ես հովիվների մոտ եմ գնում, ամեն բան մոռանում եմ... Նրանք էլ ինձ համար մի գառն էին մորթել,— պատասխանեց նա, աշխատելով սառնասիրտ ձևանալ, թեև նրա ձայնը զգալի կերպով կոտրատվում էր սրտի հուզմունքից...

Նա դարձավ դեպի Ասլանը.

— Ներեցեք, պարոն բժշկապետ, իմ անտեղի հարցասիրությանը, դուք ի՞նչ դեպքով անցաք մեր լեռների այդ խորքերը: Մենք խիստ հազիվ անգամ ենք պատահում այստեղ եվրոպացիների։

Ասլանը պատասխանեց, որ զանազան ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում, նրան հետաքրքրում է այդ կողմերի հնությունները, բացի դրանից, ցանկություն ունի ծանոթանալ այդ երկրի լեռնակաների կյանքի ու սովորությունների հետ, և շատ շնորհակալ կլիներ, եթե պարոն վարժապետը կարելույն չափ կօգներ իրան։

— Մեծ ուրախությամբ,— պատասխանեց վարժապետը,— ևս