Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ զբաղեցնե ինձ։ Բայց ոչ նրա համեստ սեղանը, ոչ նրա պարզ, սրտից բխած, հայրական խոսակցությունը, և ոչ երեցկնոջ միամիտ գուրգուրանքը,— ոչինչ չէր գրավում ինձ։ Ինձ չէր գրավում և մի գեղեցիկ դեմք, որ քնի մեջ, մոռանալով գեղջկուհու ամաչկոտությունը, վերմակը կիսով չափ մի կողմ էր ձգել և երևան էր հանել մի հրաշալի կուրծք։ Այո, ոչինչ չէր գրավում ինձ։ Իմ բոլոր ուշքը, միտքը գրավել էր երիտասարդ վարժապետը։ Նրա մասին էի մտածում, նրա այրական սիրելի պատկերն էր իմ աչքի առջև։

Երբ տեր հայրը սկսեց նրա մասին խոսել, ես մեծ ուրախությամբ լսում էի:

— Եկեղեցու բակումն է բնակվում,— ասաց նա,— այնտեղ դպրոցին կից, իրա համար երկու սենյակ է շինել տված։ Այդ սենյակները մեր խրճիթների նման գետնափոր չեն, դուք, իհարկե, առավոտյան կտեսնեք, թե որքան հարմարություններով են շինված։ Նա միշտ խորհուրդ է տալիս, հորդորում է գյուղացիներին, որ դուրս գան գետնի տակից և այն ձևով բնակարաններ շինեն։ Ասում է, որ գետնափոր խրճիթը շատ վնասակար է առողջության, այնտեղ չէ թափանցում ո՛չ արևի լույսը և ո՛չ օդի մաքրությունը։

— Գյուղացիք հետևո՞ւմ են նրա խորհուրդներին, — հարցրի ես։

— Շատերը հետևում են, ով որ նոր տուն է շինել տալիս, այնպես է շինում, որպես նա ցույց է տալիս։ Նա մեզ բացատրում է, թե տան ձևը ոչ միայն մեծ նշանակություն ունի մարդու առողջության վերաբերությամբ, այլ սաստիկ ազդում է նրա բնավորության, մտքի և հոգեկան տրամադրության վրա։ Եթե հայ գյուղացին, ասում է նա, այդպես ծածկամիտ, նենգավոր և միևնույն ժամանակ` այդքան մռայլոտ է, — եթե նա կորցրել է երգելու և ուրախ լինելու ընդունակությունը,— գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ապրում է գետնի տակ, խուլ մթության մեջ։

— Ձեր գյուղացիք նույնպես գետնի տակ են ապրում,— նկատեցի ես,— բայց բավական ուրախ են, բավական պարզ սիրտ և լուսավոր միտք ունեն։

— Այդ նկատողությունը ես էլ մի անգամ արեցի նրան։ Նա պատասխանեց. դրսի կյանքը` ազատ և արձակ օդի մեջ` մեղմացնում է գետնափորի ազդեցությունը։ Դուք, ասաց, տարվա մեծ մասը անց եք կացնում դաշտերում, լեռների վրա, և ձեր վրաններով` ձեր անասունների հետ` բնակվում եք ձեր արոտատեղիներում։ Ազատ բնությունը ներշնչում է ձեր մեջ ազատ սիրտ և ազատ հոգի։ Ձեր գետնափոր խրճիթները ձեզ համար ժամանակավոր ձմեռանոցներ են միայն։