Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«սիրեցեք միմյանց» — Շատ անգամ նա ինձ ասում է. «Այդ ձեր գործն է, տեր հայր, տարածել սերը. դուք չպիտի զբաղվեք միայն մկրտություն, պսակ, թաղում կատարելով»։ Ճշմարիտ է, բոլորովին ճշմարիտ է, այդ մեր գործն է սիրո տարածելը։ Բայց մենք ոչինչ չսովորեցինք. մենք քահանա դարձանք, առանց քահանայի սրբազան պաշտոնի արժանավորություններ ունենալու: Եվ մեզանից չպահանջեցին այդ արժանավորությունները։ Մեզանից պահանջեցին միայն վարձը, որով ամեն մի տգետ քահանա է դառնում։ Երբեմն նա ինձ գիրք է տալիս, կարդում եմ. իմ աչքերը նոր են բացվում և ես նոր եմ հասկանում, թե որքան անպատրաստ եմ եղել։ Ի՜նչեր չէր կարող անել քահանան, մանավանդ շինական քահանան։ Այն բոլոր գործերը, որ նա է կատարում, հենց քահանայի գործն է։ Միթե քահանան չէ՞ր կարող կրթել գյուղացի մանուկներին. մի՞թե քահանան չէ՞ր կարող ծանոթացնել գյուղացուն երկրագործական նոր ձևերի հետ. միթե քահանան չէր կարող այցելել հիվանդներին և նրանց ցավերին դարման տանել։ Մի՞թե առաքյալները նույնպես հիվանդների մոտ չէին գնում և բժշկություն չէ՞ին անում։ Ո՞րքան գործեր կան, որ կարող էր կատարել լավ պատրաստված քահանան: Բայց մենք ոչինչ չսովորեցինք և քահանայի ծանր պաշտոնը հանձն առինք։

Լսելի եղավ մի խուլ շաչյուն, շառաչյուն։ Տեր հոր խոսակցությունը ընդհատվեցավ։ Ես սոսկացի։

— Այդ շղթայի ձայնն է,— հանգստացրեց ինձ տեր հայրը, ժպտալով։

— Ի՞նչ շղթա։

— Նայեցե՛ք։

Ես նայեցի դեպի տեր հոր ցույց տված կողմը։ Այնտեղ պառկած էր նրա որդին, և մի տարօրինակ դատապարտյալի նման, նրա ոտքերից մեկը կապած էր բավական հաստ շղթայի ծայրին, որի մյուս ծայրը անց էր կացրած պատի միջով, ո՞ւր էր տարած, չէր երևում։ Քնի մեջ նա շարժեց ոտը և շղթայի շաչյունը աղմուկ բարձրացրեց։

— Այդ ի՞նչ բան է,— հարցրի զարմանալով։

Տեր հայրը բացատրեց այդ խորհրդավոր ոտնակապի նշանակությունը։ Պատի մյուս կողմում, ասաց նա, ախոռատունն է, որտեղ կապած է նրա որդու նժույգը. շղթայի մյուս ծայրը պատի միջով տարած է ախոռատունը և կցած է ձիու երկաթյա ոտնակապի հետ, որ ամրացրած է նույնպես երկաթյա փականքներով։