Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչի՞ համար։

— Նրա համար, որ եթե տանելու լինեն, շղթան կձգվի և տերը կզարթնե։

— Բայց գողը կարող է այնպես զգուշությամբ կոտրել ձիու տնակապը, որ ձեր որդին ոչինչ չի զգա,

— Այդ դժվար է, շատ դժվար է,

— Մի՞թե դեռևս գողություններ են լինում։

— Լավ ձիու գողությունը՝ տակավին հին սովորությամբ՝ մեր կողքերում հանցանք չէ համարվում, այլ համարվում է մի տեսակ քաջություն, ճարպկություն, և ամոթը վերաբերում է ոչ այնքան գողին, որքան ձիու տիրևջը,որ գողանալ է տալիս։ Այդ խայտառակությունից ազատ մնալու համար՝ որդիս իր ոտը կապել է ձիու ոտին։

Չնայելով մեր այն օրվա դժվարին ճանապարհորդությանը, չնայելով իմ սաստիկ հոգնածությանը և չնայելով, որ գիշերի կեսից անցած էր, բայց քնելու և հանգստանալու կարիք չէի զգում։ Պատրաստ էի ամբողջ գիշերը անցկացնել մինչև անգամ ամենադատարկ խոսակցություններով, միայն թե կարելի լիներ սպանել ժամանակը, մինչև կլուսանա, մինչև կտեսնեի նրան... Բայց տեր հայրը իմ հանգստանալու մասին էր մտածում, իմ անկողինը արդեն պատրաստ էր, հանվեցա, մտա տեղերիս մեջ։ Բարձերի մոտ դրած էր երկու անոթ, մեկը լի ջրով, մյուսը լի գինով, որ եթե գիշերը ծարավեի, որից որ կամենայի՝ նրանով ծարավս կոտրեի, իմ կշտին անկողին մտավ տեր հայրը։ Նա էլ ինձ նման երկար անքուն մնաց։ Բայց նրա անքնության պատճառը բոլորովին այլ էր, նա անկողնի մեջ աղոթում էր ամբողջ «եկեսցեն» պետք է վերջացներ, հետո քներ։

Ես մտքով հափշտակված էի դեպի դպրոցը և դեպի նրան կից երկու սենյակները։ Այնտեղ ևս երկու անձինք անպատճառ անքուն կլինեին․— Ասլանը և վարժապետը։ Նրանք կնստեին, նրանք կխոսեին մինչև լույս։ Ա՜խ, որքան ախորժելի կլիներ ինձ լսել նրանց խոսակցությունը, նայել նրանց վրա և հիանալ։ Նա դիտմամբ ընտրեց Ասլանին. նա կամեցավ առանձնանալ նրա հետ։ Ինչո՞ւ ինձ ևս իր հետ չտարավ։ Մի՞թե տակավին նա ինձ անարժան էր համարում իրանց հասարակությանը: Մի՞թե դեռևս այնքան անփորձ էի, որ չէի կարող մասնակցել նրանց խորհուրդներին։ Ինչ էլ որ լիներ նրա կարծիքը իմ մասին, այնուամենայնիվ, ես ռեսի տանը պարզ նկատում էի, որ նա տակավին սիրում էր ինձ։