Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկած կամ հասած աղջիկները բաց երեսներով, վաղ առավոտյան ավելում էին, մաքրում էին իրանց տան առջևը։ Նրանք ճարպիկ մատներով նախ գետինը ցողում էին առվակից անցնող ջրով, որ փոշի չբարձրացնեն։ Ես տեսնում էի, թե ինչպես հայ վաճառականները, ավանակների վրա հեծած, մի առանձին հոգածությամբ շտապում էին դեպի քաղաքը, իրանց խանութները բաց անելու։ Ես տեսնում էի, թե ինչպես նրանք աջ ու ձախ կողմերից ողջույններ էին ընդունում և, միևնույն ժամանակ, ավանակի վրա նստած, շարունակում էին իրանց չավարտած առավոտյան աղոթքը, որպեսզի բարեհաջող առևտուր ունենան։

— Այստեղ մի հիվանդի պետք է նայել,— ասաց Ասլանը, և մենք մտանք մի տուն։

Տունը, որպես երևում էր, ժամանակով գեղեցիկ շինվածք էր ունեցել, բայց երկար տարիներ մնալով անխնամ և առանց նորոգության, համարյա ավերակ էր դարձել։ Մի սենյակ միայն մնացել էր ամբողջ, ուր մենք ներս մտանք։ Ես առաջին անգամ տեսնում էի աղքատությունը իր վերին աստիճանի սոսկալի պատկերի մեջ։ Խոնավ, առանց սփռոցի գետնի վրա պառկած էր մի մանկահասակ կին. հնոտի, քրքրված վերմակը հազիվ ծածկում էր նրան. բարձի փոխարեն դրած էր գլխի տակին հիվանդի նույնպես քրքրված հագուստը։ Նրա մոտ, ձեռքերը հուսահատական կերպով փակած ծնկների վրա, նստած էր պառավ սկեսուրը։ Մի կիսամերկ երեխա սողում էր հիվանդի անկողնի մոտ և խուլ մրմնջում էր։

Պառավը տեսնելով մեզ, կանգնեց և լռությամբ գլուխ տվեց։ Բժիշկը մոտեցավ հիվանդին։

— Այժմ լավ է,— ասաց նա,— վտանգը անցած պետք է համարել։ Դեղերի այլևս պետք չկա. հարկավոր է միայն այստեղ մաքուր պահել, թարմ օդ և լույս ներս թող տալ, և ամենագլխավորը՝ հիվանդին պետք է լավ սնունդ։

— Սնո՞ւնդ...— կրկնեց պառավը, հոգվոց հանելով,— որտեղի՞ց գտնել։ Կար ժամանակ, որ այս տունը լի էր աստուծո ամեն բարիքներով, հարյուրավոր աղքատները ապրում էին մեր հացով, իսկ ա՜յժմ... ձեր բարի աչքով տեսնում եք... ի՞նչ է մնացել... բոլորը ոչնչացավ... բոլորը կորավ...

Արտասուքը խեղդեց նրան և չկարողացավ շարունակել։

Ասլանը դրեց պառավի ափի մեջ մի քանի ոսկի և կամենում էր դուրս գալ։ Բայց նա չընդունեց, ասելով.

— Դուք մի քանի անգամ այցելություն գործեցիք իմ հիվանդի