Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձանձրացրեց ինձ։ Աչք ածեցի դեպի խրճթի շուրջը։ Նայում էի, թե ինչ բան ինչ տեղ է դրած։ Իր տեղումն էր ավելը, իր տեղումն էր անթրոցը, իր տեղումն էր լվացքի տաշտը։ Ամեն ինչ անշարժ էր։ Մի արարած միայն շարժվեցավ տեղից։ Թառի վրա թառած էր աքաղաղը, իր հարեմը շուրջը հավաքած։ Մարիներից մեկը կամաց անցավ աքաղաղի ետևից և, խորամանկությամբ մի կողմ հրելով նրա կշտին կանգնած առաջին մարիին, ինքը բռնեց նրա տեղը։ Այդ հաճոյամոլությունը գրգռեց առաջինի խանդը, նա սկսեց տրտնջալ։ Աքաղաղը, կարգ պահպանելու համար, կտցահարեց նորեկի գլխին և, նրան իր հափշտակած տեղից հեռացնելով, դարձյալ առաջինին կանգնեցրեց իր կշտին։ Առաջինը գեղեցիկ էր, իսկ վերջինը տգեղ... թռչունները ևս զուրկ չեն գեղասեր ճաշակից։ Այդ կարգադրությունից հետո, աքաղաղի երկրորդ ձայնը աղմկեց փոքրիկ խրճթի լռությունը։ Նրա ձայնից այժմ զարթնեց պառավ երեցկինը։ Դա էր պակաս։ Նա քնած էր առանց հանվելու։ Վեր կացավ, խարխափելով մոտեցավ օջախին։ Այնտեղ, կրակի վրա, ինչ-որ եփ էր գալիս, թըժթըժում էր։ Պտույկի խուփը բարձրացրեց և նայեց՝ արդյոք ջուրը քաշել չէ՞ր։ Նրա մեջ անպատճառ կամ հարիսա, կամ խաշ և կամ քեշկեկ պիտի լիներ, որ ամբողջ գիշերը ստիպված է եփվել, որ վաղ առավոտյան պատրաստ լինի ուտելու համար։ Այդ երեք սննդարար կերակուրները ուտվում են արեգակից առաջ, որ ամբողջ օրը կարելի լինի մարսել։ Վերջացնելով իր գործը օջախի մոտ, երբ պառավը մի ինչ-որ բան որոնում էր խրճիթի մեջ, նրա աչքին ընկավ օրորոցի դաստակի վրա քնած հարսը։ Նա մոտեցավ և, ոտքով բոթելով նրան մրթմրթաց.— «Դու մի օր այդ երեխային կխեղդես, քանի անգամ ասել եմ քեզ, որ ծիծ տալու ժամանակ քնելու չէ»։ Նկատողությունը ծանր էր։ Հարսը ուղղեց իր դիրքը և, տեսնելով, երեխան վաղուց արդեն քնած էր, օրորոցի քողը ցած թողեց, իր տեղում նստած մնաց։ Պառավը այլևս չմտավ իր անկողինը, խրճթի դուռը կամաց բաց արավ, դուրս եկավ սրահը, նայեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերի որ ժամն է։ Աստղերը նրա ժամացույցն էին։ Նա վերադարձավ և, թել մանելու ճախարակը իր ետևից քարշ տալով, կրկին դուրս եկավ սրահը։ Այնտեղ մնաց, և մի քանի րոպեից հետո լսելի եղավ ճախարակի բարակ ճլվլոցը։ Այժմ ամեն հույս կորած էր. նա կերբերոսի նման դուռը բռնեց։ Ես այլևս չէի կարող դուրս գալ: Պառավը այնտեղ կմնար և մինչև լույս կմաներ։ Սկեսուրը վեր կենալուց հետո, հարսին արդեն անպատշաճ էր քնել. դա էլ վեր առեց իր