Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարը, նստեց սյունի մոտ, ճրագի հանդեպ։ Սկեսուրը մանում էր, հարսը կարում էր։ Իսկ ինձ տանջում էր մի կողմից անքնությունը, մյուս կողմից նրան տեսնելու, նրա հետ խոսելու սաստիկ փափագը։ Գոնե շուտ լուսանար. ո՜րքան երկար էր այդ գիշերը։ Ես կրկին սկսեցի համբարել առաստաղի գերանները։ Առաստաղից ցած իջա, սկսեցի համբարել խրճթի սյուները։ Այդ ևս վերջացավ, սկսեցի համբարել, թե դեռ քանի հոգի քնած են մնացել։ Իմ աչքերը կանգ առին գեղեցիկ պատկերի վրա։ Ես տեսնում էի այժմ նրա կիսամերկ թիկունքը միայն, երեսը շուռ էր տված դեպի հակառակ կողմը։ Նայում էի, երկար նայում էի այդ լիքը թիկունքի վրա, որ սքանչելի կերպով լուսավորված էր ճրագի լուսով։ Երկու ուրիշ աչքեր ևս դարձան դեպի այդ կողմը, և ուշադրությամբ նայեցին։ Դրանք հարսի աչքերն էին։ Նա ցած դրեց կարը, մոտեցավ և ձեռքով բզեց օրիորդի կողքը։ Նա զարթնեց։ «Այդ ի՜նչպես ես քնած»,— լսելի եղավ հարսի հանդիմանությունը։ Օրիորդը ոչինչ չպատասխանեց, որովհետև նա չգիտեր, թե ինչպես էր քնած։ Նա վերառեց իր մոտ դրած կարմիր շապիկը և շտապով հագավ։ Գեղեցիկ թիկունքը անհետացավ իմ աչքից։— «Ես քեզ չասեցի, որ ինձ շուտ զարթեցնես»,— ասաց օրիորդը։— «Հիմա էլ ուշ չէ»։— պատասխանեց հարսը, կրկին գնալով և իր տեղը նստելով։ Օրիորդը հագնվեցավ և դուրս եկավ սրահը։ Խրճթի կիսաբաց դռնից ես տեսնում էի, թե ինչպես լվացվեցավ նա, թե ինչպես շապիկի լայն դրոշակով սրբեց երեսը, և թե ինչպես մատներով սանրեց, ուղղեց գլխի մազերը։ Իր պչրանքը վերջացնելուց հետո, նա վեր առեց հարթ կտրած մի կոճղ, աթոռի նման դրեց տակին և նստեց իր ոստայնի առջև։ Ճարտար մատները սկսեցին արագությամբ խաղալ գույնզգույն թելերի հետ։ Ես հիացած նայում էի. սրահում վառվող ճրագը լուսավորում էր նրա աշխատությունը։ Նա մի գեղեցիկ գորգ էր հյուսում, մի ամբողջ տարի սկսել էր և մոտ ժամանակում վերջացնելու վրա էր։ Ո՜րպիսի մեծ եռանդով աշխատում էր նա, ո՜րքան ոգևորությամբ շարժվում էին նրա ճարպիկ մատները։ Կարծես յուրաքանչյուր նկարը, յուրաքանչյուր գույնը տպավորում էին նրա սրտի մեջ նույնպիսի գեղեցիկ նկարներ ապագայի,— ջերմ փափագով սպասվող ապագայի մասին... նա գործում էր և մեղմ ձայնով երգում էր։ Նա նշանված էր. նա այդ գորգը իր օժիտի համար էր պատրաստում։ Այնտեղ, հարսանիքի ժամանակ, փեսայի տանը, բաց կանեին այդ գորգը և բոլոր գյուղացիք կզարմանային նորահարսի շնորհքի և ճարտարության վրա։ Աքաղաղը երրորդ