Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Երևի, վանքերի մոտ ապրելով, դու սովորեցիր ժամասեր լինել,— նկատեցի ես ծիծաղելով։

— Այո՛․․․— պատասախանեց նա դրական կերպով գլուխը շարժելով։— Բայց ի՞նչ մի առանձին օգուտ կա գայթակղության պատճաո տալ ջերմեռանդ գյուղացուն։ Երբ վարժապետը ժամ չէ գնում, երբ վարժապետը պաս չէ պահում, նա ոչինչ ազդեցություն չէ կարող ունենալ գյուղացու վրա։

— Ուրեմն դու պա՞ս էլ ես պահում։

— Ոչ միայն պաս եմ պահում, այլ օրերով ծոմ էլ եմ պահում։

Նրա ծոմ պահելու նպատակը ես գիտեի, տեր հայրը բացատրել էր ինձ։ Բայց երբ Ասլանը լսեց վերջին խոսքը, ասաց.

— Այդ բոլորը շատ լավ է, այո՛, պետք չէ գյուղացուն գայթակղության պատճառ տալ, բայց մի առանձին օգուտ էլ չունի՝ քաջալերել ռամկի ավելորդապաշտությունները։ Ինչ որ ավելորդ է, ինչ որ հին է, պետք է ոչնչանա։

— Թո՛ղ ոչնչանա,— պատասխանեց նա, Ասլանի նկատողությունը վաղաժամանակ համարելով։— Բայց ինչո՞ւ շտապել կտրելու հին տերևը, քանի որ, նորը դուրս գալուց հետո, նա ինքն իրան կթառամի և ցած կթափվի։

— Նրա համար պետք է շտապել, որ հինը կտրելով, նորը ավելի շուտ է աճում։

Նրանց վիճաբանությունը ընդհատվեցավ։ Լսելի եղավ դռան ձայնը։ — Անպատճառ տեր հայրը կլինի,— ասաց վարժապետը։ — նա սովորություն ունի ամեն առավոտ, ժամից դուրս գալուց հետո, իմ սենյակը մտնել և սուրճ խմեր։

Նա գնաց դուռը բաց անելու։ Այդ միջոցին Ասլանը հավաքեց գրասեղանի վրա թափված թղթերը և կողպեց արկղիկի մեջ։ Եվ իրավ, ներս մտավ տեր հայրը, ռեսին իր հետ բերելով։ «Բարի ողջույն» և «ողորմյա աստված» ասելով, նրանք նստեցին վարժապետի մահճակալի վրա։ Հարցնում էին, թե ի՞նչպես անցկացրեց պարոն բժշկապետը գիշերը, արդյոք հանգիստ էր, լա՞վ, քնեց, թե անհանգիստ եղավ։ Ասլանը հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո սկսեցին խոսել այն բանի վրա, թե եկեղեցում այս առավոտ այսինչ տիրացուն՝ այնինչ շարականը շատ լավ երգեց, թե նրա ձայնը օրըստօրե ախորժելի է դառնում և, ընդհակառակն, մյուս տիրացվի ձայնը փչանում է, երևի, շատ խմելուցն է, և վերջ ի վերջո այն եզրակացությանը հասան, որ նրան պետք է արգելել, որ չխմե։