Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհ ընկնեինք։ Եթե այլ կերպ վարվեինք, տան տիրոջը վիրավորած կլինեինք։ Մի գիշերվա մեջ այդ մարդիկը այն աստիճան ընտելացան մեզ հետ, որ կարծես տարիներով դրանց մոտ կացած և դրանց հետ ապրած լինեինք։ Մեծ դժվարությամբ Ասլանը կարողացավ համոզել, որ մեզ բաց թողնեն։ Մեր ձիաները տարել, թաքցրել էին, որ մեր ուղևորությանը արգելք դնեն։ Յուրաքանչյուր գյուղացի տրտնջալով ասում էր, «ապա իմ հացից չի պիտի կտրեք»։ Եթե ամիսներով մնայինք, նրանք մեզ տունից տուն ման կածեին և ամեն տեղ կգտնեինք տան տիրոջ սեղանը ու սիրտը բաց մեր առջև։

Մեծ շնորհակալությամբ մենք բաժանվեցանք այդ բարի և հյուրասեր գյուղացիներից։ Ասլանը բոլորին ձեռք տվեց և նստեց իր ձին։ Մուրադին,— ընկուզենու կոճղ դնողին— թողեցինք այնտեղ։ Նրա համար կարգադրեցին եկեղեցու բակում մի սենյակ, որտեղ պիտի բնակվեր նա, մինչև իր գործը վերջացներ։ Ես Ասլանը և Զալլադը ճանապարհ ընկանք։

Մեզ ճանապարհ դնելու համար ուղեկից եղավ և վարժապետը։ Նրա համար պատրաստել էին սեփական ձին։ Նա ոտքից գլուխ սպառազինված էր, ձեռքում կրում էր երկար նիզակը։ Գյուղական աղջիկները մի առանձին հրճվանքով էին նայում այդ գեղեցիկ, վայելչակազմ ձիավորի վրա։ Ուղիղն ասած, իմ հիացմունքը նույնպես չափ չուներ։ Ես առաջին անգամն էի տեսնում նրան այդ հագուստով, այդ զենքերով, ձիու վրա նստած։ Ամեհի նժույգը փռընչալով խաղում էր նոա տակին, ինչպես մի սիրուն կաքավ։ Կարծես նա էլ էր զգում, նա էլ էր հպարտանում, որ իրան կառավարում է ամենաընտիրը գյուղի երիտասարդներից։ Դեռ մի քանի րոպե չէր անցած, որ աշխույժից և ուրախությունից նրա բերանը և պարանոցը սկսեցին փրփրել։

Բավական հեռու եկավ նա մեզ հետ, մինչև գյուղը ծածկվեցավ մեր աչքից և մենք կրկին մտանք լեռների մեջ։ Ասլանը մի քանի անգամ խնդրեց, որ ետ դառնա։ Բայց նրան ծանր, խիստ ծանր էր բաժանվել մեզանից։ Ճանապարհը այնքան նեղ էր, որ երկու ձիավոր հազիվ մոտեմոտ կարող էին գնալ։ Նա և Ասլանը գնում էին մեր առջևից, իսկ ես և Ջալլադը հետևում էինք նրանց։ Ետևից ես նկատում էի, որ նա լուռ էր և խիստ հազիվ անգամ էր խոսում։ Ո՞վ գիտե, ի՞նչեր էին անցնում այդ րոպեում նրա մտքով. ո՞վ գիտե, ի՞նչ զգացմունքներ այնպես թախծալի էին դարձրել նրա միշտ ուրախ դեմքը։ Նրա նժույգը նույնպես