Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդարտվել էր և կարեկից էր եղած իր տիրոջ տխրությանը։ Երկու բարեկամներ,— հոգով, սրտով և իրանց րոլոր մտքերով միացած բարեկամներ,— այժմ պետք է անջատվեին միմյանցից։ Մեկը գնում էր հեռու, շատ հեռու, ծովերի և օվկիանոսների այն կողմը... Իսկ մյուսը մնում էր Ռշտունյաց լեռների մեջ։ Արդյոք ճակատագիրը մի անգամ ևս կհանդիպեցններ նրանց միմյանց հետ, թե այդ անջատումը կլիներ վերջինը և հավիտենականը... Երևի այդ միտքն էր այնպես հուզում և ալեկոծում ոգելից երիտասարդի սիրտը։

Հասանք մի փոքրիկ ձորակի, որ գոգավորված էր լեռան գրկում։ Բարձր ժայռից թափվում էր բյուրեղանման պարզ ջուր և, մի քանի քայլ հեռանալով, թաքչում էր ճոխ խոտարույսերի մեջ։ Այդ ժայռից ավելի բարձր կանգնած էր մի մամռապատ խաչքար և լռությամբ նայում էր դեպի ձորի խորքը։ Ի՞նչ մի անցքի հիշատակարան էր այդ խաչքարը, ոչ ոք չգիտեր, միայն երբեմն հայտնվում էին նրա մոտ գյուղացի կանայք, խունկ էին ծխում և հեռանում էին։ Մի մթին ավանդություն դեռ մնացել էր, թե այնտեղ թափվել էր մի նահատակի արյուն, և այդ աղբյուրը գոյացել էր նրա մոր արտասուքից։ Այդ խաչքարի ներքո նրանք ցած իջան ձիաներից։ Ես և Ջալլադը նույնպես ցած իջանք, բայց չմոտեցանք նրանց։ Չկամեցանք խանգարել նրանց հոգեկան հուզմունքը, չկամեցանք ականատես լինել նրանց բարեկամական արտասուքին, չկամեցանք լսել նրանց փոխադարձ խոստումները։ Այդ բոլորը այնքան անմերձանալի, այնքան սուրբ, այնքան նվիրական էին, որպես այն մամռապատ խաչքարը, որ վերևից, իբրև լուռ վկա, նայում էր նրանց վրա։ նրանք գրկախառնվեցան, կրկին և կրկին անգամ համբուրվեցան։ Հետո նա մոտեցավ մեզ։ Նախ համբուրվեցան Ջալլադի հետ և ապա ինձ հետ։ Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խրատը, որ վերջին անգամ տվեց ինձ. «Հետևի՛ր Ֆարհատ, այդ մարդու խորհուրդներին, նա ուղիղ ճանապարհի վրա կդնե քեզ»․․․ նա ցույց տվեց Ասլանի վրա։

Խորին, ջերմեռանդ զգացմունքներով բաժանվեցանք մենք, մեզ հետ տանելով խիստ անմոռաց հիշատակներ այդ անձնուրաց, անձնազոհ երիտասարդի գործունեությունից, որ իրան նվիրել էր գյուղացու կրթությանը, գյուղացու բարօրությանը։

Ընթերցող, դու արդեն վաղուց պետք է գուշակած լինես, թե ո՞վ էր այդ երիտասարդը։

Դա Կարոն էր։