Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻՋ

ԱՂԹԱՄԱՐԱ ՎԱՆՔԸ

Աղթամար կղզին գտնվում է Վանա ծովակի հարավ-արևելյան ափերի մոտ, մեկ ժամի ջրային ճանապարհով միայն հեռու է ցամաքից։ Ամենահին ժամանակներում այս կղզին Ռշտունյաց հզոր նախարարության գլխավոր ամրոցներից մեկն էր։ Ծովը և կղզու բարձր, ապառաժոտ գիրքը անմատչելի էին կացուցանում նրան թշնամու հարձակմունքներից։ Ռշտունյաց նահապետներից առաջինն եղավ Ռաշամ, որ նրա վրա ամրություններ հիմնեց։ Իսկ հետո, Տիգրան մեծի օրերում, Բարզափրան Ռշտունին ավելի ամրացրեց Աղթամարը նոր շինություններով և, բնակեցնելով այնտեղ Պաղեստինից բերած հրեա գերիների մի մասը, կղզուն ավանի ձև տվեց։ Թեոդորոս Ռշտունին, յոթերորդ գարու հերոսը, ընտրեց Աղթամարը իր համար պաշտպանության մի ամուր դիրք։ Այստեղ էր պատսպարվում նա, երբ պատահում էր նրան խույս տալ թշնամիներից։

Գագիկը, Արծրունյաց առաջին թագավորը, ավելի քան Ռշտունի նախարարները, հասկացավ Աղթամարա ռազմագիտական բարձր նշանակությունը, իհարկե, իր ժամանակի պայմանների համեմատ։ Իր հոյակապ շինություններով նա Աղթամարին նոր կյանք տվեց։ Նախ, կղզին փոքր գտնելով իր ընդարձակ նպատակների համար, մտածեց լայնացնել նրան։ Կղզու չորեքկողմից շրջանակաձև կտրեց ծովի մի մասը և կամեցավ նրան ցամաք դարձնել։ Այդ մեծագործ ամբարտակի հիմքը դրեց ծովի հատակի վրա և սկսեց նրա ահագին խորությունը լցնել մեծամեծ քարերով։ Երկրի բոլոր արհեստավորները և բանվորների ստվար բազմությունը, զբաղված էին այդ հսկա գործով։ Բոլորին հրահանգ և ուղղություն էր տալիս ինքը թագավորը։ Նա իր անձնավստահ ձեռնարկության և՛ հիմնադիրն էր, և՛ ճարտարապետը։ Երկար մաքառելով ջրի հետ, վերջապես հաղթեց նրան։ Ամբարտակը վեր բարձրացավ մակերևույթից, ավելի քան հինգ կանգուն։

Ժամանակի ականատես պատմաբանը, Թոմա Արծրունին, այդ շենքը աշխարհի հրաշալիքներից մեկն է համարում և, համեմատելով նրան Շամիրամի ամբարտակի հետ, ավելի ահեղ, ավելի գերազանց է գտնում։ Բաբելոնի մեծագործ թագուհին հիմնեց իր ամբարտակը ցամաքի վրա և մի մեծ գետի ընթացքը դարձրեց դեպի