Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաս-մաս եղած իշխանությունները միացնելով, դարձնել նրանցից մի ինքնակալ, միահեծան պետություն: Այդ մտքով հիմնեց նա ապաստանի քաղաքը նախարարների հետ պատերազմելու համար հարկավոր էր նրան մի հզոր կուսակցություն, և այդ կուսակցությունը մտածում էր կազմել երկրի դժգոհներից: Բոլոր այն անձինք, որոնք նախարարների դեմ որևիցե հանցանք էին գործել, բոլոր պարտականները, որ անկարող էին իրանց պարտքը վճարել, և մինչև անգամ բոլոր մարդասպանները, գողերը, ավազակները, որոնք կյանքի և ապրուստի անհրաժեշտություններից ստիպված, եղեռնագործության էին դիմել, մի խոսքով, բոլոր հանցավորներն ու դատապարտյալները կարող էին նրա քաղաքում ապաստան գտնել և ազատ մնալ թե օրենքից և թե դատաստանից: Նախարարների իշխանությունը խորտակելու համար, մտածում էր նա ընտրել իբրև գործիք նախարարներից նեղված, հարստահարված թշվառներին: — Բոլորովին տարբեր մտքով Գագիկ Արծրունին հիմնեց Աղթամարա ապաստանի քաղաքը։ Նրա նպատակը այնպես ընդարձակ, այնպես հայրենասիրական չէր, որպես Արշակինը։ Նրա նպատակը շատ նեղ և անձնական էր: Նա ինքը մի նախարար էր` Բագրատունի թագավորների գերիշխանության ներքո: Ապստամբվելով նրանց դեմ, հիմնեց նա Վասպուրականում մի նոր, հակաթոռ թագավորություն։ Եվ Աղթամարը եղավ նրա ընդդիմադրության գլխավոր կռվանը։

Այն բոլոր շենքերից, որ կառուցվեցան, կատարվեցան կղզու վրա, ավելի հրաշափառը, ավելի գեղեցիկ էր այն տաճարը, որ թագավորը հիմնեց սուրբ խաչի անունով: Բազմաթիվ նավեր կրում էին ցամաքից վեմերի ամենաընտիրները տաճարի շինվածքի համար։ Մինչև անգամ թագավորը կործանեց Բաղեշ գավառի Կոտոմ գյուղի հոյակապ բերդը, որ պատկանում էր Զուրարիկ անունով մի կռապաշտ ցեղի, և քարերը Աղթամար բերեց։ Բացի քարերից, տաճարի շինվածքի մեջ գործ դրվեցավ ավելի քան երկու հարյուր հազար լիտր երկաթ։

Մանվել ճարտարապետը սպառեց իր բոլոր արարչագործ տաղանդը այդ տաճարը ավելի մեծաշուք, ավելի փառավոր կառուցանելու համար, քան մինչև այսօր եղածները Ռշտունյաց աշխարհում: Տաճարի բարձր գմբեթը պատած էր ոսկյա թիթեղներով, որոնք հեռվից վառվում էին, ճաճանչներ էին արձակում արեգակի ճառագայթների առջև: Տաճարի պատերը, թե ներսից և թե դրսից զարդարած էին գեղեցիկ բարձրաքանդակ պատկերներով, որոնց