Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

hետո, երբ Աղթամարը մի հակաթոռ արքունիքից դարձավ մի արքեպիսկոպոսի հակաթոռ կաթողիկոսարան։ Պատերազմների համար զինվորված կղզին աբեղայի սքեմ զգեցավ: Գագիկը, ապստամբելով Բագրատունիների դեմ, այստեղ թագավորություն հիմնեց, իսկ Դավիթը ապստամբելով Կիլիկիայի վեհարանի դեմ, այստեղ կաթողիկոսություն հիմնեց։ Առաջինը ոչնչացավ, իսկ երկրորդը մնաց։

Աղթամարը տրամադրում է դեպի ապստամբություն։ Նրա ծովը, շրջակա լեռները և անտառները ազատություն են սիրում։

Աղթամարա տաճարի մեջն էին պահվում ս. Գրիգոր Լուսավորչի սրբության սեղանը, նրա հայրապետական քողն ու գավազանը և նրա մաշկեղեն գոտին։ Աղթամարա տաճարի մեջն էր պահվում և նրա սուրբ աջը։ Այստեղ էր գտնվում նաև ս. Հռիփսիմե կույսի հողաթափների մի հատը և նրա գլխի շղարշը։

Այն աղետալի ժամանակներում, երբ հայոց կաթողիկոսարանները, թե Կիլիկիայում և թե Արարատյան նահանգում, օտարազգի իշխանների ձեռքում վաճառքի նյութ էին դարձել, Աղթամարա արքեպիսկոպոս Դավիթը, իր կողմը գրավելով տեղային իշխանին և հինգ եպիսկոպոսներ, նրանց ձեռքով կաթողիկոս ձեռնադրվեցավ։ Նա գրավեց և իր թեմի ժողովրդի մոլեռանդությունը, այն առարկությամբ, թե վերոհիշյալ սրբությունները նրա վանքումն են գտնվում, և այդ պատճառով նրան է վայելում կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի այդ ժամանակվաա մանկահասակ, բայց շնորհալի կաթողիկոսը, քսանամյա Գրիգոր Պահլավունին, կազմեց Սյավ լեռան ժողովը, որ բաղկացած էր երկու հազար և հինգ հարյուր հոգևորականներից, որոնք միաձայն Աղթամարա կաթողիկոսությունը նզովքի տակ դրին և նրան ապստամբ հրատարակեցին,— բայց Աղթամարա կղզին և այնտեղ պահված սրբությունները օգնեցին Դավթին մնալ իբրև կաթողիկոս, և նրա հիմնած կաթողիկոսությունը տևեց մինչև մեր օրերը։

Ոչ մի հնարքով չկարողացան ոչնչացնել այդ կաթողիկոսությունը։ Մինչև անգամ ս. Գրիգոր Լուսավորչի աջը, նրա գավազանը, նրա հայրապետական քողը Աղթամարա վանքից գողանալ տվին և Կիլիկիա տարան, որ թուլացնեն տեղային կաթողիկոսի զորությունը, բայց այդ ևս չօգնեց։

Ես բոլորովին այլ կարծիք ունեի Աղթամարա մասին։ Այդ վանքը գալու ժամանակ՝ ես միշտ երևակայում էի, թե պիտի տեսնեմ Կտուց անապատի երկրորդ օրինակը,— մի վանք, որտեղ