Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորան․․․ նրա համար, որ աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից։

Երեխան այժմ հեռացավ մոր անկողնից, սողալով մոտեցավ Ասլանին, բռնեց կոշիկներից, կանգնեց և իր փոքրիկ ձեռիկներով սկսեց խաղալ նրա ժամացույցի շղթայի հետ: Ես միշտ երևակայում էի Ասլանի մեջ քարե սիրտ, բայց նա չկարողացավ դիմանալ, երբ երեխան իր սև փայլուն աչիկներով նայելով նրա երեսին, ժպտաց և թոթովեց մի քանի խոսքեր: Դժբախտության զավակը խոսում էր... խոսում էր ավելի ազդու, քան ամեն բողոք... և կարծես, իր անհասանելի թոթովանքով ասում լիներ. «Ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ աշխարհ բերեցին... մի՞թե միայն տանջվելու համար»...

Ասլանը համբուրեց երեխային, վեր կացավ և, ձգելով հիվանդի բարձի մոտ ոսկիները, իսկույն դուրս եկավ թախձալի բնակարանից։

— «Աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդուս շեմքից»...— ճանապարհին կրկնեց նա պառավի իմաստալի խոսքերը։— Դա մի անհերքելի ճշմարտություն է։ Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը։ Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աճելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված։ Այդտեղից հասկանալի է, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը օրըստօրե սպառվում է։ Ալդ սպառմանը ավելի զարկ է տալիս գաղթականությունը։ Տղամարդը, իր կյանքի ամենաթարմ տարիները պանդխտության մեջ մաշելով, զրկվում է գերդաստանի հայր դառնալուց, որդիք և սերունդ առաջ բերելուց։ Իսկ ինչ զավակներ էլ որ թողել է տանը, աղքատության մեջ մեռնում են։ Ահա, մեր աչքով տեսանք մի հոյակապ ընտանիք, որ հանգչելու մոտ է։ Բայց քանի հազար այսպիսի ընտանիքներ կան այդ քաղաքում։ Այդ գեղեցիկ, ծառազարդ տներում,— նա ձեռքը մեկնեց դեպի Այգեստանի տները,— բնակվում են երկու ծայրահեղություններ. ճոխություն, շռայլություն և վերին աստիճանի աղքատություն։ Շռայլում են հարստահարիչ մեծատուննեըը, իսկ հեծում են պարտքերի տակ ճնշված թշվառները...

Այդպես խոսելով գնում էինք մենք, երր ճանապարհին հանդիպեց մեզ վարպետ Փանոսը։

— Այն հիվանդը կապրի՞,— հարցրեց նա, մոտենալով Ասլանին։