Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհից անջատված աբեղաները անձնատուր են եղած միմիայն ճգնության և աղոթքի։ Այդ էր պատճառը, երբ ճանապարհ ընկանք դեպի Աղթամարա, ես խորին տհաճությամբ էի գնում, թեև իմ դժկամության մասին Ասլանին ոչինչ չհայտնեցի։

Առավոտից բավական անցել էր, երբ հասանք Աղթամարա «դրսի տունը», դա ևս Կտուց անապատի «դրսի տան» նման գտնվում էր ցամաքի վրա և բովանդակում էր իր մեջ վանքի ամբողջ տնտեսությունը։ Զանազանությունը միայն նրանումն էր, որ Կտուց անապատի «դրսի տան» մեջ կար և մի կրթարան, ուր նորընծա աբեղաները պետք է տարիներով նախապատրաստվեին, փորձվեին, և ապա վանքում ներս ընդունվեին ու միաբանության կարգը մտնեին— իսկ այստեղ մի այդպիսի նախակրթարան չկար։ Դա արդեն նշան էր, որ վանական կարգերը այստեղ այնքան խիստ չէին։ Այստեղ «դրսի տունը» ծառայում էր միայն վանքի տնտեսության համար։ Այստեղ բացի ամբարներից, ախոռատներից, մշակների ու հովիվների բնակարաններից, կային և մի քանի սենյակներ, հատկապես կաթողիկոսի համար պատրաստված, ուր, երբեմն կղզուց դուրս գալով, նստում էր նա, ժողովրդի գործերին նայելու։

«Դրսի տան» մեջ մեզ ասացին, որ կաթողիկոսը հազիվ թե ժամանակ կունենա մեզ ընդունելու, որովհետև նա պետք է գնա վանական մի կալվածքի վիճելի սահմանները որոշելու, որտեղ ներկա կլինի և տեղային գայմագամը։ Մենք դիմեցինք դեպի կղզին նույն փառավոր նավակով, որ պատրաստված էր կաթողիկոսին դուրս հանելու համար։

Ծովը հանդարտ էր։ Կղզին երևում էր հեռվից, կարծես թե ներկված լիներ բոսորային կարմրությամբ։ Արյո՜ւն էր հոսում այդ կղզին, արյո՜ւն... Արյունով էին ներկված նրա ապառաժները, սկսյալ այն օրից, երբ խստասիրտ Տիրանի դահիճները կոտորում էին Ռշտունյաց Զորա նահապետի ազգատոհմը, չխնայելով թե կանանց, թե մանկանը... Արյան գույն էին ստացել արեգակի ճառագայթները, որ շողշողում էին կարմրագույն ժայռերի վրա... Արյունով էր ներկված և հայրապետական աթոռը, որի վրա բազմած էր և ներկա կաթողիկոսը... նրա նախորդը զոհ գնաց մի անհայտ եղեռնագործության...

Ես շատ բան էի լսել Ջոլամերիկի Մար-Շիմոնի մասին, հետո առիթ ունեցա տեսնելու նրան։ Կորդվաց լեռների այդ պատրիարք—դյուցազնը թողել էր իմ վրա խորին տպավորություն։ Ես