Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտամեդի անպատկառ աղջիկներին անիծելուց հետո ս. Հակոբ հայրապետը՝ այդ երկրորդ սարսափելի անեծքն էր, որ կատարեց Ռշտունյաց աշխարհում։ Հետո նա անիծեց Փշավանս գյուղը, ուր մինչև այսօր փուշից ավելի ոչինչ չէ բուսնում... Բայց Ժողովուրդը, ներողամիտ ժողովուրդը, այդ անիծասեր հայրապետի հիշատակը հավերժացնելու համար նույն Կապուտ-Կող լեռան կապտագույն կողքի վրա, նրա անունով հիմնեց մի վանք, որ մինչև այսօր պաշտվում է ամենայն ջերմեռանդությամբ։ Մենք անցանք այդ վանքի մոտից, բայց նրա մեջը չմտանք։

Սկսյալ Նոր-Գյուղ կոչված ավանից, որը այժմյան Գավաշ գավառակի գայմագամանիստ գյուղաքաղաքն է, մինչև Դատվանի նավահանգիստը հասնելը, ծովի եզերքով սփռված են զանազան ամայի և շեն վանքեր, որոնք իրանց ծովահայաց դիրքով սքանչելի տեսարաններ են ներկայացնում։ Ամենագեղեցիկ տեղերը լեռների բարձրավանդակների վրա ընտրել են վանքերի համար։ Ես կհիշեմ այդ վանքերի անունները միայն. Կարմրուկ սուրբ Աստվածածին, Գագիկ թագավորից շինված, որը մի ժամանակ երեք հարյուր միաբան ուներ, իսկ այժմ համարյա ամայի է․ Լուսապտուղ սուրբ Սահակ, Գանձակ գյուղի մոտ, որը ամեն աչացավ ունեցողների բժշկողն է. ս. Թոմայի վանք, որը գտնվում է Կապուտ-Կող լեռան ծովահայաց բարձրության վրա և պահում է իր մեջ Թովմա առաքյալի ահյակ բազուկը. ս. Գևորգա վանք․ Գոմս գյուղի մոտ, որի մեջ պահվում է ս. Գևորգա գլուխը, ս. Կարասպետի վանք, Սոռփ գյուղի մոտ, և ս. Հիզդիբուզդի վանքը, Թուխ գյուղի մոտ։

Ի՞նչ ազդեցություն ունեն այդ վանքերը իրանց շրջակայքի վրա։

Անցնում էինք մի հայաբնակ մեծ գյուղի մոտով։ Գյուղից շատ չէինք հեռացել, մեր ուշադրությունը գրավեց մի խառնաձայն աղմուկ, աղաղակ։ Բլուրների միջից միմյանց ձայն էին տալիս, գոչում էին՝ «անցա՜վ... բռնեցե՜ք»... և աղաղակները հետզհետե սաստկանում էին։ Ձայները ավելի մանուկ հասակի ձայներ էին։ Մենք կարծեցինք, թե գայլ է մոտեցել բլուրների վրա արածող ոչխարներին։ Երբ մոտեցանք և տեսանք, թեև գայլ չէր, բայց նրա նման մի բան էր։

Մի մարդ ձորի միջով փախչում էր, իսկ գյուղի փոքրիկ գառնարածները ամեն կողմից քարեր էին նետում նրա վրա։ Հալածականը ոչ մի տեղ չէր գտնում ապաստանելու, և փրկության բոլոր