Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հույսը դրել էր արագ ոտների վրա։ Կարծեցինք, թե այդ մարդը գառն է գողացել և, գողության մեջ բռնվելով, փոքրիկ հովիվները հալածում են նրան։ Ջալլադը իր ձին առաջ քշեց, տեղեկանալու եղելությունը։ Նրա ձայնից երեխաները հանդարտվեցան, փախստականը կանգ առեց։ Կարծես, աստծուց նրան օգնություն հասավ։

Դա մի փոքրիկ, կարճահասակ մարդ էր, կիսաեվրոպական և կիսաասիական աղտոտ հագուստով, և ձեռքում բռնած ուներ իր հասակից ավելի երկար մի ցուպ, իսկ կողքից քարշ էր ընկած մի մեծ պայուսակ սև կաշուց։ Թուխ դեմքը, նեղ, փայլուն աչքերը և հնոտի վրա կծիկ դարձած սև, գանգրամազ մորուքը՝ առաջին անգամից այն կարծիքն էին արտահայտում, որ դա կամ հրեա մանրավաճառ պետք է լիներ, կամ թափառական բժիշկ և կամ մի բոշա, որ պարապվում էր ֆալջիությամբ (կախարդությամբ)։

Երբ մենք կանգնած նայում էինք այդ օտարոտի թափառականի վրա, փոքրիկ հովիվները նույնպես ցած իջան բլուրների բարձրություններից և, իրանց երկար ցուպերի վրա հենված, շրջապատեցին նրան։ Նրանք քարեր ունեին բռնած, բայց չէին խփում։ Թափառականը տակից մի առանձին ներողամտությամբ նայում էր նրանց վրա և խուլ մրթմրթում էր։ Չգիտեմ, նահատակի սառնասրտություն էր այդ, թե վշտացած մարդու ապշություն։ Նոր Ստեփաննոսը գտնվում էր իր քարկոծողների շրջանի մեջ։

— Այդ մարդը անհավատ է,— ասաց երեխաներից մեկը։

— Պաս է ուտում,— ավելացրեց երկրորդը։

— Սատանայական գրքեր է ծախում,— վրա բերեց երրորդը։

— Մեր տերտերի ձեռքը չէ համբուրում,— նկատեց չորրորդը։

— Մեր ժամը չէ գնում,— պարզաբանեց հինգերորդը։

— Երեսին խաչ չէ հանում,— հաստատեց վեցերորդը։

Այսպես, յուրաքանչյուրը կարդում էր դատապարտյալի հանցանքները։

— Լավ, դուք ի՞նչ գործ ունեք, չարաճճիներ,— ծիծաղելով ընդհատեց Ասլանը։

— Անհավա՜ տ է,— կրկնեցին կրոնի փոքրիկ պաշտպանները միաձայն։

— Մի շաբաթ առաջ մեր գյուղում մի լավ շնաթակ կերավ,— ասաց նրանցից մեկը.— գյուղացիք այնքան ծեծեցին, որ ողջ տեղը ականջը մնաց, հիմա էլի եկել է, չէ ամաչում։