Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերը ճմբռել, որ լավ տեսնե, թե մենք ինչ մարդիկ ենք։ Նա նույնպես մեզ նման ճանապարհից էր եկած, և հոգնած պառկել էր։ Մինչև նա կվերկենա, կլվացվեր, որ քունը փախցնե, նրա բացակայության ժամանակ, Թաթոս եղբայրը ծանոթացրեց մեզ նրա անձնավորության հետ, թե նա Բաղեշից է եկած, այնտեղի եղբայրներից է, ձմեռը տեղային դպրոցներում վարժապետություն է անում, իսկ ամառը շրջում է գյուղերում, քարոզ է տալիս, մխիթարում է եղբայրներին տիրոջ խոսքերով և այլն։

— Նա ընկլիզի լեզու էլ է իմանում,— ավելացրեց սուրբ գրքերի տարածողը։

— Ուրեմն միսիոնարների աշակերտ կլինի,— նկատեց Ջալլադը։

— Նա նրանց մոտ է սովորել, և նրանցից այժմ լավ ռոճիկ է ստանում։

— Ո՞րքան։

— Ամսական երկու ոսկի։

— Ա՞յդ է «լավ ռոճիկը»։

Պողոս եղբայրը մի գնդաձև մարդ էր, մի աչքից կույր, որ ծածկելու համար մուգ-ծխագույն ակնոցներ էր գործածում։ Նրա մարմնի բոլոր անդամները միատեսակ կոլորված էին, կարծես թե ծայրեր չկային։ Մեր հյուրընկալի կինը, աղջիկը մի առանձին հոգ տարան նրա շվացվելու և երեսը սրբելու մասին, որը վերջացնելուց հետո, եկավ նստեց մեզ մոտ։

— Հրամանքնիդ ո՞րտեղացի եք,— եղավ նրա առաջին խոսքը: Մեր փոխարեն պատասխանեց մեր հյուրընկալը, ասելով, որ Աղթամարա վանքիցն են գալիս։

— Ուրեմն ուխտավորնե՞ր եք,— հարցրեց նա։

— Այո՛, ուխտավորներ ենք,— պատասխաննց Ջալլադը, հետազոտելով նրա դեմքի թթու արտահայտությունները։

Առանց մեր հարցնելու, նա ասաց, թե ինքը Բաղեշի դպրոցների վարժապետն է, և տասն տարուց ավելի կլինի, որ այնտեղ ուսուցչության պաշտոն է վարում, և ուրիշ շատ գործեր է կատարում։

— Ի՞նչ եք սովորեցնում,— հարցրեց Ջալլադը։

— Ծանոթացնում ենք սուրբ գրքերի հեստ,— պատասխանեց նա։

— Այդքա՞նը միայն։