Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի փոքր ևս աշխարհագրություն և թվաբանություն ենք սովորեցնում։

— Շա՞տ է այնտեղի բողոքականների թիվը։

— Այնքան շատ չէ։ Իսկ գյուղերում տիրոջ գործը աճելու վրա է։

— Գյուղերում դպրոցներ չունե՞ք։

— Դեռևս ոչ։ Այժմ մենք բավականանում ենք միայն կիրակնօրյա կրթարաններով։

— Ո՞վքեր են ձեր գլխավորները։

— Ամերիկացի միսիոնարներ։

— Շա՞տ են թվով։

— Մի քանի ընտանիքներ միայն։

— Իսկ նրանց հասցրած աշակերտների թի՞վը։

— Այժմ բավական կլինին։

— Ի՞նչ գործով են զբաղված։

— Տիրոջ խոսքը տարածելու գործով, կամ քարոզություններ են անում, կամ վարժապետություն են անում և կամ թարգմանություններով են զբաղված։

— Դուք էլ իհարկե, նրանց աշակերտներից եք։

— Եվ առաջին աշակերտներից։ Երբ միսիոնարները դեռ նոր էին եկած, իմ հայրը նրանց մոտ խոհարար էր, ինձ վերառին ու սովորեցրին։

Թորոս եղբայրը մոտեցավ յուղային ճրագին, նրա պատրույգը ուղղեց, նրա կինը և աղջիկը, մեզանից հեռու նստած, ուշադրությամբ լսում էին։ Սուրբ գրքերի տարածողը մի առանձին հիացմունքով նայում էր միսիոնարների առաջին աշակերտի վրա։ Նրա նեղ, փոքրիկ աչքերը, որ կապիկի ալքերի նման արագ թարթափում էին, կարծես մեզ ասելիս լինեին՝ «դե՛, եթե քաջություն ունեք, խոսեցեք մեր վարպետի հետ, նա ձեր պատասխանը ըստ կարգին կտա»։

— Ասացեք, խնդրեմ, ձեր նպատակը միայն կրոն տարածե՞լն է,— հարցրեց Ջալլադը։

— Միայն այդ է,— պատասխանեց միսիոնարների առաջին աշակերտը։

— Դուք երբեք չե՞ք մտածում, որ ժողովուրդը, բացի տիրոջ խոսքից, այլ պետքերի ևս կարոտ է, օրինակ, ձեր կարեկցությունը չէ՞ գրավում նրա թշվառությունը, աղքատությունը, իր նեղիչներից հարստահարվիլը և այլն։