Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն մի ժամանակավոր իջևան է, այստեղից այնտեղ տեղափոխվելու համար։

— Չէ՞ որ այդ ժամանակավոր իջևանը նույնպես բարեկարգելու և մեր երջանկությանը հարմար կացուցանելու շատ պետքեր ունի։

— Այդ բոլորը աստծո ձեռքումն է, մեզանից ոչինչ կախված չէ։ Մենք ի՞նչ կարող ենք անել։

— Եթե մենք աշխատենք, աստված ևս մեզ կօգնե։ Աստված ծույլերի համար չէ։

— Ամենից առաջ հոգու համար աշխատելու։ Ի՜նչ օգուտ, եթե աշխարհայինը կշահենք, իսկ հոգևորը կտուժենք։

Ես մտաբերեցի մեր տեր Թոդիկի խրատները։ Ի՞նչ զանազանություն կար նրա ասածների և այդ ապուշի համոզմունքների մեջ։ Տեր Թոդիկը նույնպես ամեն հոգս աստծո վրա էր ձգում։ Քարոզում էր կյանքի պետքերի մասին հոգ չտանել և միայն հոգու համար մտածել։

— Եթե դուք լինեիք միսիոնարների երկրում,— ասաց Ջալլադը,— եթե տեսնեիք, մարդիկ այնտեղ ինչպես են ապրում, ինչպես են գործում, երբեք այդպես չէիք խոսի։ Բայց միսիոնարները այստեղ գալով, ձեր երկրային ստրկության վրա ավելացնում են և հոգևոր ստրկությունը, ձեզ անջատում են աշխարհից, անջատում են համազգի եղբայրներից և դարձնում են ավետարանի գերիներ, թեև սուրբ ավետարանը ազատության և եղբայրության կտակարանն է։

Նա ոչինչ չպատասխանեց։ Մեր հյուրընկալը հարցրեց.

— Դուք, պարոն, եղե՞լ եք միսիոնարների երկրում։

— Եղել եմ,— ասաց Ջալլադը, և կրկին դարձավ դեպի միսիոնարների առաջին աշակերտը.

— Ի՞նչպես կարելի է այդ աստիճան միակողմանի, սահմանափակ մոլեռանդ լինել։ Դուք հերքում եք ազգը, հայրենիքը, հասարակական բարօրությունը,— դուք հերքում եք մարդու ինքնագործունեությունը, որի վրա է հիմնված նրա երջանկությունը, և միմիայն վերացական, հոգևոր սնունդով եք մտածում կերակրել մարզիկներին։ Այդ նրանից է, որ ձեզ, բացի սուրբ գրքերի սքոլաստիկայից, ուրիշ ոչինչ չեն սովորեցրեք։ Դուք չգիտեք, որ մեսիոնարի քարոզած բողոքականությունը բոլորովին այլ ոգի, այլ ուղղություն և այլ ձգտում ունի, քան թե այն բողոքականությունը, որ արդեն ընդհանրացել և կազմակերպվել է մի բողոքական