Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդի մեջ, թե Եվրպայում լիներ նա, թե Ամերիկայում։ Դուք չգիտեք, որ միսիոնարին հարկավոր են հավատացյալներ միայն. նա կազմում է իր եկեղեցին, հոգ է տանում նրա հոգևոր պետքերի մասին, իսկ նրա աշխարհային պետքերը զանց է առնում։ Եվ ստիպված է զանց առնել, որովհետև այդ վերջինը կթուլացներ առաջինի ազդեցությունը։ Նա պետք է աշխատեր կտրատել ձեր բոլոր հին կապերը, որ կապում են ձեր անցյալի, ձեր պատմության, մի խոսքով, ձեր ազգային կյանքի հետ, որպեսզի, առանձնացնելով ձեզ, կարողանա կենտրոնացնել իր նոր հիմնած եկեղեցում։ Այդ պահանջում է միսիոնարի կոչումը, նրա պաշտոնը, որին նա արհեստի ձև է տվել։ Բայց նույն միսիոնարը իր հայրենիքում այդպես չէ վարվում. նա սիրում է իր ազգը, նրա պատմությունը, նրա բանաստեղծությունը և նրա մինչև անգամ հեթանոսական դարերի ավանդություններն ու առասպելները։ Նա մասնակցում է և իր հայրենիքի հասարակական գործերի մեջ. մտածում է, թե ինչո՞ւ մեկը հարուստ է, մյուսը աղքատ է. աշխատում է, որ աղքատն էլ իր տանը ուտելու հաց ունենա և գոհ լինի իր վիճակից։ Բայց ի՞նչ տվեց ձեզ այդ նոր կրոնը։— Նա սերմանեց ձեր մեջ երկպառակություն, ատելություն դեպի ձեր այլադավան ազգայինները։ Դուք նրանց «հեթանոսներ» եք կոչում, նրանք ձեզ` անհավատներ։ Դուք ավելի բարվոք եք համարում թուրքին, քուրդին մոտենալ, քան թե նրանց։ Ա՞յդ է ավետարանական եղբայրությունը։

Ինչպես երևում էր Ջալլադի այդ երկար ճառից միսիոնարների առաջին աշակերտի գլուխը ոչինչ չմտավ։ Նա դարձյալ բաց արեց իր օրացույցի չափ ծոցի ավետարանը և նրանում ինչ-որ կարդաց։ Ջալլադը զայրացավ։

— Դուք վնասակար մոլեռանդներ եք, և ավելի ոչինչ,— ասաց նա փոքր-ինչ զգացված ձայնով։— Այդ աստվածային գրքի թյուր ու ու սխալ մեկնությունները փչացրել են ձեզ։ Եթե դուք լինեիք փոքրինչ զարգացած մարդ, ես ձեզ կապացուցանեի, որ դուք այդ գրքից ոչինչ չեք հասկացել։ Իայց տգետների հետ խոսելը` շատ դժվարին է։ Ցավալին այն է, որ ձեր նմանները քարոզիչներ և վարժապետներ են...

Նա վեր կացավ և գնաց Ասլանի մոտ։

— Այդ մարդը խելագար է,— ասաց միսիոնարների աոաջին աշակերտը նրա գնալուց հետո։

— Լո՛ւռ, անպիտան,— գոչեցի ես,— եթե ոչ, ողջ տեղդ այդ հիմար գլուխդ կթողնեմ: