Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մենք բողոքում ենք մտրակի դեմ, և նույնը մե՞նք պետք է գործ դնենք,— ասաց նա։

Ես ոչինչ պատասխանեցի։

Քանի րոպեից հետո վերադարձավ հաջին, բերելով իր հետ թե ջուր և թե մի օթոց։

— Օրհնած,— ասաց նա կիսածիծաղ և կիսավշտացած կերպով,— դե ասա ջուր եմ ուզում, էլ ուր ես չարչարում ինձ:

— Կարծես նոր էր հասկանում, որ ես ջուր էի ուզում։

— Էլ ուրիշ ի՞նչ եք հրամայում,— դարձավ նա դեպի Ասլանը,— շուկայից գնելու ոչինչ չունե՞ք։

— Դեռևս ոչ, երբ հարկավոր կլինի մի բան պատվիրել, կկանչենք ձեզ,— ասաց Ասլանը։

Հաջիի դեմքի վրա երևաց դժգոհության նման մի բան: Նա այն բարի սովորությունն ուներ, որ պատրաստ էր իր սենյակները բոլորովին ձրի տալ իր հաճախորդներին, միայն թե ամեն ինչ նրա ձեռքով գնեին։ Բայց, միևնույն ժամանակ, նա ուներ մի այլ սովորություն, որ ամենահասարակ ուտեստներ, որոնցմով լի էր բազարը, երբ պահանջեիր նրանից, նա միշտ դժվարություններ կհարուցաներ։ Օրինակ, նրան ասում ես. «Հաջի, կարո՞ղ ես մի փոքր հաց ու պանիր գնել բազարից»։— Նա ուղղակի չի պատասխանի, թե կարող եմ, այլ կասե քեզ. «Տեսնեմ, կարող եմ գտնել»։ Նրա այդ անվճռականությունը այն նպատակն ուներ, որ ցույց տա, թե մի անկարելի գործ է կատարում և հաճախորդին մեծ ծառայություն է անում։

Հաջին մի ցամաք մարդ էր, նիհար ծնոտները խնամքով ածիլած, և կոշտ մացառի նման ընչացքների ծայրերը կտրած, որոնք մի չար սովորություն ունեին միշտ բերանը մտնելու: Նրա դեմքի վրա նշանավոր էր երևելի քիթը, որ կրում էր իր վրա երկու բարձրություններ, որոնք, երկու գագաթների նման, միախառնվելով վերին շրթունքի հետ, կազմում էին մի երկար լեռնաշղթա։ Սխալ չէր լինի, եթե ասեի, որ նրա երեսը բաղկացած էր ամբողջապես քթից: Հաջիի կազմվածքի մեջ նշանավոր էին և ոտքերը։ Թեև բոլոր տաճկաստանցիք` ծալապատիկ նստելուց` ծուռ ոտքեր ունեն, բայց հաջիի ոտքերը այդ մասնում մի առանձին բացառություն էին կազմում։ Նրանք, դեպի կողքերի կողմը անկանոն կերպով դուրս ընկնելով, և հետզհետե թեքվելով, ձևացնում էին երկու աղեղնաձև կիսաբոլորակներ, որոնց ծայրերը, ներքևից և վերևից միանալով, մեջտեղում թողնում էին մի ձվաձև տարածություն։ Այդ էր պատճառը