Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչի՞ց գիտես,— ծիծաղելով հարցրեց Ասլանը:

— Հայ-բողոքականները միայն գիտեն իրանց հասարակության անունով խոսել և ամեն դեպքում կրկնել․ «մենք սուտ խոսելու սովորություն չունենք», թեև ամենից շատ սուտ խոսողները իրանք են:

Եվ իրավ, նա հայ-բողոքական էր։

Իր այրական հասակում նա թողել էր լուսավորչական եկեղեցին և ընդունել էր բողոքականություն: Նրա Երուսաղեմի ուխտագնացությունը կատարվել էր այն ժամանակ, երբ ինքը դեռ հավատում էր սուրբերի բարեխոսությանը։ Իսկ այժմ հաջի Իսաղը շատ անգամ մի առանձին զղջումով ասելու սովորություն ուներ, որ եթե հնար լիներ, մեծ ուրախությամբ իր բազուկների կաշին կպոկեր, որ այն ավելորդապաշտության նշանները չմնային նրա մարմնի վրա։

Այնօր մենք պետք է թողնեինք Բաղեշը, այդ պատճառով մեզանից յուրաքանչյուրը շտապում էր իր գործերը վերջացնել: Սենյակի դուռը կողպեցինք, երեքս էլ դուրս եկանք։ Ասլանը Ջալլագի հետ գնացին մի քանի այցելություններ անելու, իսկ ես գնացի շուկա մի քանի իրեղեներ գնելու։

Քաղաքի գեղեցկությունը ինձ մոռանալ տվեց հաջի Իսաղի թողած անախորժ տպավորությունը։ Հազիվ թե կարելի է գտնել մի քաղաք, որ Բադեշի նման ինքնուրույն ձև ունենա, և հազիվ թե մի որևէ այլ տեղ բնությունը ստեղծագործել է այնպիսի դիրքեր, որ քաղաքին տվել են այն ինքնուրույն ձևը։

Պատմական Սալնո-Ձորը իր բարձր, ալիքավոր լեռներով ու բլուրներով սեղմել է իր գրկի մեջ այդ քարեղեն քաղաքը։ Ասում եմ քարեղեն, որովհետև բոլոր տները, թե հարուստի, թե աղքատի, շինված են մաքուր, հարթ տաշված թխագույն քարից։ Երեք գետեր, զանազան կողմերից գալով և քաղաքի մոտակայքում միանալով, անցնում են ձորի անդնդային խորության միջով և իրանց ահեղ ձայնով թնդեցնում են տիրող լռությունը։ Սկսյալ ձորի հատակից, սկսյալ գետի աջ և ձախ ափերից, շրջակա լեռները սանդղտաձև թումբերով (տերրասներով) աստիճանաբար վեր են բարձրանում։ Այդ թումբերի վրա շինված են տներ, այդ թումբերի վրա տնկած են և տները շրջապատող պարտեզները։ Երբ ցածից դեպի վեր ես նայում, քեզ թվում է, թե տեսնում ես Շամիրամի օդային պալատները իր կախաղանավոր պարտեզներով։

Լեռների կուրծքի վրա, սկսյալ ամենաբարձր կետերից, վազում են