Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմաթիվ աղբյուրները, հստակ, իբրև բյուրեղ։ Նրանց վտակները անցնում են բարձրադիր պարտեզների միջով, անցնում են տների կտուրների վրայով և, առաջինից դեպի երկրորդը թափվելով, կազմում են հիանալի ջրվեժներ: Մի տան կտուրը մյուս տան համար բակի տեղ է ծառայում, և այսպես, լեռների կուրծքին կպած տները աստիճանաբար վեր են բարձրանում և հասնում են մինչև ամենաբարձր գագաթները։ Իսկ վտակները վերևից հոսելով, ջրվեժների տեսարաններ են ներկայացնում։ Ամեն կողմից ջուր է վազում, թե աղքատներին և թե հարուստներին բարիք է պարգևում։ Ջուրը անցնում է ս. Սարգիս եկեղցու ավագ խորանից և թափվում է նրա գավիթը։

Գնում ես փողոցներով, հատակը քար, պատերը քար, ման ես գալիս պարտեզների մեջ, ցանկապատը քար, դռները քար,— և այդ քարեղեն աշխարհը, արհեստի և բնության հրաշալիքների հետ միացած, սքանչացնում են քեզ։ Դեպի որ կողմ և նայում ես, երևում են ահավորություն, վսեմություն, գեղեցիկ տեսարաններ։ Նայում ես դեպի ցած, դեպի ձորի անդնդային խորությունը։ Մի տուն մյուս տան վրա, մի պարտեզ մյուս պարտեզի վրա, աստիճանաբար իջնում են մինչև գետի ափերը, որ հոսում է ձորի խորության միջով։ Իսկ այնտեղ, գետեզերքի բոլոր երկարությամբ, տարածվում են քաղաքացիների այգիները և լցնում են ձորը հիանալի կանաչազարդությամբ։

Նայելով այդ բոլորի վրա, քո սիրտը բաբախում է մի վսեմ հպարտությամբ, երբ տեսնում ես, թե ի՜նչպես հայ մարդը գիտե մաքառել վայրենի բնության հետ, գիտե լեռների ապառաժոտ անձկության մեջ իր համար մի դրախտ ստեղծել։

Ավելի հետաքրքիր էր շուկան։ Հրապարակը գտնվում էր կտուրների վրա, իսկ կտուրների տակում` ծածկված բազարը իր կրպակներով ու խանութներով։ Չսովորած մարդու աչքում կարող էր այդ շատ օտարոտի երևալ, եթե չմտածեր, որ խնայող բաղեշցին, իր տեղի սղության պատճառով, աշխատել, է նրա ամեն մի թիզից օգուտ քաղել։ Ես ման Էի գալիս կտուրների վրա, այլ խոսքով, հրապարակում։ Անցնելու տեղ չկար, մարդ, անասուն և թռչուն խառնված էին միմյանց։ Այնտեղ գյուղացի կանայք, խումբերով նստած, ձու, հավ, սեր ու կարագ էին ծախում. այնտեղ կապած էին գյուղացիների ավանակները, որոնց վրա բարձած, զանազան ուտեստներ էին բերել ծախելու, այնտեղ շարքով չոքած էր ուղտերի քարավանը, որ գյուղերից ցորյան էր բերել, նրանց